Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել

Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել, X-ի իր էջում կատարած գրառմամբ հայտնել է Փաշինյանը:  

«Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ վարչապետ Քիր Սթարմերի հետ այսօր ստորագրված համատեղ հռչակագրով մենք նոր և խոստումնալից էջ ենք բացում մեր հարաբերություններում, որոնք կառուցված են ընդհանուր արժեքների և ամրապնդված համագործակցության վրա»,-գրել է Նիկոլ Փաշինյանը։ 

 Իսկ արդեն կառավարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը  Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի հետ: 

Վարչապետը կարևորել է պարոն Սթարմերի այցը Հայաստան և որակել պատմական, քանի որ սա Միացյալ Թագավորության վարչապետի առաջին այցն է ՀՀ: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ այս այցի և հանդիպման արդյունքներով երկկողմ հարաբերություններին նոր ազդակ կհաղորդվի, տարբեր ուղղություններով փոխգործակցությունը կզարգանա ու կընդլայնվի:  Քիր Սթարմերը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և ԵՔՀ գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Միացյալ Թագավորության վարչապետը շեշտել է Հայաստանի հետ բազմաոլորտ փոխգործակցությունն ընդլայնելու կարևորությունը: