Վերին Լարսով մինչև շաբաթ օրը ՀՀ այնքան մեքենա է գալու, որ հեղուկ գազի գները էականորեն կիջնեն. Պապոյան

Վերին Լարսով մինչև շաբաթ օրը ՀՀ այնքան մեքենա է գալու, որ հեղուկ գազի գները էականորեն կիջնեն. Պապոյան

Հեղուկ գազ Հայաստանում չկար երկու հիմնական պատճառով. Առաջին պատճառը Իրանի հետ կապված իրադրությունն է, երկրորդը Վերին Լարսն էր։ Այս մասին, այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Հիմա Վերին Լարսը արդեն բաց է, երեկ չէ առաջին օրը եկել են մի քանի ավտոմեքենաներ, երեկ ավելի շատ մեքենաներ են եկել։ Այսօր սպասվում են արդեն տասնյակ մեքենաներ, վաղը ևս տասնյակ մեքենաներ կմտնեն, և ես կարծում եմ, որ արդեն ուրբաթ օրվա դրությամբ, եթե ոչ ուրբաթ, գոնե շաբաթ օրվա դրությամբ Հայաստան կմտնի այնքան գազ, որ նախ կլինի գազ, երկրորդը, գները էականորեն կիջնեն»,–ասաց նա։

Անդրադառնալով Ադրբեջանից Հայաստան երկաթուղով հեղուկ գազ ներկրելու հնարավորությանը, որի մասին ինքը խոսել էր դեռ հունվարին, Պապոյանն ասաց. «Հարավկովկասյան երկաթուղին հսկայական ներդրումներ պետք է աներ և անում է, որպեսզի այդ երկաթուղիով կարողանա գալ։ Համաձայնություն ձեռք բերել, որ կարող է երկաթուղու միջոցով գալ հեղուկ գազ, դա մի պատմություն է, դրանից հետո երկաթուղին հսկայական ներդրումներ է անում, որ կարողանա հեղուկ գազ բերել, մեկ այլ պատմություն է»։

Հիշեցնենք, որ վերջին օրերին Հայաստանում հեղուկ գազի գները կտրուկ բարձրացել են՝ հասնելով 260-300 դրամի։ Բացի այդ, նաև հեղուկ գազի դեֆիցիտ է առաջացել։