Հանրապետության ամբողջ ջրային ենթակառուցվածքը փոխելու կամ հիմնանորոգելու անհրաժեշտություն կա. Փաշինյան

Հանրապետության ամբողջ ջրային ենթակառուցվածքը փոխելու կամ հիմնանորոգելու անհրաժեշտություն կա. Փաշինյան

Որևէ բնակավայրում մեզ հետ շփումների ընթացքում կարող են չբարձրացնել ջրի հետ կապված հարցերը, որովհետև մենք գիտենք, որ ՀՀ-ում գործնականում չկա այդպիսի բնակավայր, որը ջրի հետ կապված պրոբլեմ չունենա: Այդ մասին Կառավարության՝ ապրիլի 30-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ նաև բազմաթիվ բնակավայրերում ոռոգման ջրի բացակայության պատճառով մարդիկ ոռոգման նպատակով օգտագործում են խմելու ջուր, ինչի հետևանքով խմելու ջրի ծավալը նվազում է:

«Հաջորդ 5 տարում ջրային խնդիրները մեզ համար լինելու են 5 առաջնահերթություններից մեկը: Ինչպես նախորդող շրջանում խաղաղության օրակարգն էր մեզ համար առաջնահերթություն, հաջորդ հնգամյակում ջրի հետ կապված հարցերը լինելու են բացարձակ առաջնահերթություն, որովհետև մեր տնտեսությունը եկել, հասել է մի կետի, որ առանց ջրային ոլորտում ֆունդամենտալ փոփոխությունների՝ մենք տեղապտույտի վիճակում կհայտնվենք»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ սա սպոնտան որոշում չէ, արդեն 2 տարի է, ինչ այս որոշումը կա, և քայլ-քայլ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում:

«Եթե մի քիչ էլ սուր ձևակերպենք, խոսքը հանրապետության ամբողջ ջրային ենթակառուցվածքը փոխելու կամ հիմնանորոգելու մասին է»,- ասաց նա՝ ընդգծելով, որ խնդիր է նաև ջրահեռացման համակարգերի բացակայությունը, և որ 21-րդ դարում դեռ կան Երևանի թաղամասեր, որոնք կոյուղի չունեն:

«Բոլոր գյուղերի և քաղաքների պրոբլեմները, այդ թվում՝ ջրային ոլորտի, կլուծվեն: Կառավարությունը և ես դրա դիմաց մի պայման ունենք. ոչ ոք որևէ գնում անելիս դուրս չի գալիս առանց հսկիչ դրամարկղային կտրոնի»,- ասաց նա: