Tesla-ն Իլոն Մասկին կփոխանցի շուրջ 304 միլիոն բաժնետոմս

Tesla-ն Իլոն Մասկին կփոխանցի շուրջ 304 միլիոն բաժնետոմս

«Tesla» ընկերությունը հաստատել է գործադիր տնօրեն Իլոն Մասկին 303,960,630 բաժնետոմսերի փոխանցման որոշումը: Այս փաթեթը նախատեսված է որպես վարձատրություն 2018 թվականի աշխատանքի դիմաց: Ավելի քան երկու տարվա իրավական գործընթացներից հետո՝ դեկտեմբերին, ԱՄՆ Գերագույն դատարանը հաստատել է այս վճարման օրինականությունը:

ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին (SEC) ներկայացված ծանուցման համաձայն՝ ներկայումս մեկ բաժնետոմսի մոտ 376 դոլար արժեքի պայմաններում փոխհատուցման այս փաթեթի շուկայական արժեքը կազմում է 114 միլիարդ դոլար: Այս ցուցանիշը կրկնակի գերազանցում է սկզբնական տարբերակով նախատեսված գումարը: 2018 թվականին տնօրենների խորհուրդը սահմանել էր 12 նպատակային ցուցանիշ, որոնց իրագործման դեպքում Մասկը իրավունք կստանար ձեռք բերել բաժնետոմսերը` հատը 23,34 դոլարով: Վերջին նպատակակետն իրագործվել է 2021 թվականի դեկտեմբերին:

Բաժնետոմսերի ամբողջ փաթեթը ստանալու համար Իլոն Մասկը պետք է վերադարձնի նախորդ տարի որպես «ապահովագրություն» ստացած 29 միլիարդ դոլարի վճարումը: Գործում են լրացուցիչ պայմաններ. Մասկը պարտավորվում է պահպանել «Tesla»-ի գործադիր տնօրենի կամ արտադրանքի մշակման ղեկավարի պաշտոնը առնվազն մինչև 2028 թվականի ավարտը: Այս պահանջին զուգահեռ, նա իրավունք չունի վաճառել նշված բաժնետոմսերը ստանալուց հետո հինգ տարվա ընթացքում:

Ընկերության տնօրենների խորհուրդը նոյեմբերին հաստատել է ևս 424 միլիոն բաժնետոմսի տրամադրման հնարավորությունը հաջորդ 12 նպատակների իրագործման դեպքում, ինչը հեռանկարում Մասկի համար կարող է ապահովել լրացուցիչ 1 տրիլիոն դոլար: