Մինչև տարվա վերջ առնվազն 50 առողջապահական կազմակերպություն շահագործման հանձնելու մեր խոստումն ամբողջությամբ կկատարենք. Ավանեսյան
Հայաստանում բժշկական օգնության և սպասարկման ոլորտում բարեփոխումների առանցքային ուղղությունը կապիտալ ներդրումներն և ենթակառուցվածքների ամբողջական վերափոխումն է։
Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Տարիների ընթացքում մենք արդեն իսկ 40 միլիարդ դրամի ներդրումներ ենք իրականացրել մարզային բժշկական կենտրոններում, Երևանում՝ բժշկական կենտրոնները և պոլիկլինիկական ծառայությունները վերափոխելու նպատակով։ Կառավարության ծրագրով սահմանված առնվազն 50 առողջապահական կազմակերպությունները շահագործման հանձնելու ծրագրի հետ կապված կարող եմ ասել, որ մենք մինչև հուլիս շահագործման կհանձնվի 24 բժշկական հաստատություն, ինչպես նաև 11 ամբուլատորիա։ Մինչև տարվա ավարտ մենք առնվազն 50 առողջապահական կազմակերպություն շահագործման հանձնելու խոստումն ամբողջապես կիրականացնենք»,- նշել է նախարարը։
Նախարարը հավելել է, որ առաջիկայում շահագործման է հանձնվելու Սիսիանի բժշկական կենտրոնը։ «Այն ամբողջովին նոր կենտրոն է, և ծառայելու է Սյունիքի մարզին՝ որպես ռազմավարական, գերհագեցած, մահճակալային ֆոնդով ու նոր տեխնոլոգիական սարքավորումներով կենտրոն։ Ես ուրախ եմ, որ այս բժշկական կենտրոնը մատուցելու է ամբողջապես նոր ծառայություններ։ Օրինակ, սկրինինգային ծրագրերի առումով է ընդլայնվելու, վիրահատական միջամտությունների նոր ծառայություններ ենք ունենալու, համակարգչային շերտագրման նոր սարքավորում ենք ունենալու։ Մենք մեկ տարվա ընթացքում նախատեսում ենք այստեղ ունենալ նաև ինվազիվ սրտաբանության ծառայություն, որը շատ կարևոր է»,- մանրամասնել է նախարարը։
Ավանեսյանն ընդգծել է, որ հնարավոր չէր լինի ապահովել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի բարեհաջող ընթացքը, եթե չլինեին անցած տարիների ընթացքում առողջապահության ոլորտում արված կապիտալ ներդրումները։ «Դա հնարավորություն տվեց, որ մենք այսօր կարողանանք սպասարկել կանխատեսվող դիմելիության աճը, որն ունենք՝ պայմանավորված առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմամբ»,- ասել է Անահիտ Ավանեսյանը։
Նախարարը մեծ ուրախությամբ նշել է, որ այսօր մարզային բուժհաստատություններն աննախադեպ հոսք ունեն։ «Սա խոսում է թե վստահության, թե հասանելիության մեծացման մասին»,- ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ հիմա նաև առողջ մրցակցություն է նկատվում բժշկական կենտրոնների միջև։
Նա նաև նշել է, որ ոչ միայն նոր բժշկական կենտրոններն են հագեցնում սարքավորումներով, այլ նաև գործող մարզային բժշկական կենտրոնները։ Նրա խոսքով՝ 2025 թվականի երկրորդ կիսամյակից մեծածավալ վերազինման ծրագիր են սկսել, որի շրջանակներում ավելի քան 7 միլիարդ դրամ են հատկացրել մարզային բժշկական կենտրոններին՝ դրանք նոր սարքավորումներով ապահովելու նպատակով։