Որոշ եվրոպական ավիաընկերություններ ավիավառելիքի բարձր գների պատճառով կարող են սնանկանալ. Ryanair

Որոշ եվրոպական ավիաընկերություններ ավիավառելիքի բարձր գների պատճառով կարող են սնանկանալ. Ryanair

Ryanair լոուքոսթեր ավիաընկերության գլխավոր տնօրեն Մայքլ Օ'Լիրին CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ որոշ եվրոպական ավիաընկերություններ կարող են սնանկանալ, եթե Հյուսիսային կիսագնդում ամռան ընթացքում ավիավառելիքի գները մնան բարձր, քանի որ Հորմուզի նեղուցի շրջանում խափանումների պատճառով ավիացիոն ոլորտը բախվում է ծախսերի վրա աճող ճնշման։ Ավիաընկերության գլխավոր տնօրենը նշել է, որ Ryanair բյուջետային ավիափոխադրողը համեմատաբար պաշտպանված է, քանի որ հեջավորել է վառելիքի իր պահանջարկի 80 տոկոսը, սակայն նախազգուշացրել է, որ հեջավորման ավելի թույլ դիրքեր ունեցող մրցակիցները կարող են «իրական ֆինանսական դժվարությունների բախվել»։

«Մարտին Jet A-1 մակնիշի նավթը մեկ բարելի դիմաց արժեր մոտ 80 դոլար։ Հիմա այն կազմում է 150 դոլար»,- ասել է Օ'Լիրին՝ հավելելով, որ եթե հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսներին գները մնան այս մակարդակին, «եվրոպական ավիաընկերությունները կսնանկանան»։

Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի ավիավառելիքի գների մշտադիտարկման տվյալներով՝ ապրիլի 24-ին ավարտված շաբաթվա ընթացքում ավիավառելիքի միջին գինը մեկ բարելի դիմաց աճել է, հասնելով 179 դոլարի։

Միջազգային էներգետիկ գործակալությունը վերջերս հայտարարել է, որ Եվրոպան մի քանի շաբաթվա ընթացքում կարող է բախվել ավիավառելիքի պակասի՝ կախված Մերձավոր Արևելքից կորցրած մատակարարումները լրացնելու նրա կարողությունից, որին նախկինում բաժին էր ընկնում տարածաշրջան ավիավառելիքի զուտ ներմուծման զգալի մասը։