Հոգևորականները պետք է հարկեր վճարեն․ ՀՀ վարչապետ
Հոգևորականները Հայաստանի քաղաքացիներ են և պետք է գործեն օրենքի սահմաններում։ Եթե բոլոր քաղաքացիները պարտավոր են վճարել եկամտային հարկեր, ապա հոգևորականները նույնպես պարտավոր են։ Այս մասին ապրիլի 23-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին։
Նրա խոսքով՝ Հայաստանում հարկերի հարցում պետք է լինի լիակատար թափանցիկություն։ «Ինչո՞ւ պետք է չվճարեն։ Մենք ասում ենք, որ պատրաստ ենք և պարտավոր ենք և ութ տարի արդեն այդ պատրաստակամությունը արտահայտում ենք, որ ՀԱԵ գործունեության արդյունքում ձևավորված և գանձված հարկերը ամբողջ ծավալով մենք պատրաստ ենք վերադարձնել, այդ թվում՝ ֆինանսական թափանցիկությունը ապահովելու նկատառումով։ Ինչո՞ւ, օրինակ, պետք է եկեղեցու համար ներմուծվող սուրճը, ինչ-որ մի ապրանք, որը մաքուր ծիսական նշանակություն չունի, չհարկվի, իսկ մյուս դեպքերում պետք է հարկվի։ Իսկ ինչո՞ւ մենք՝ ՀԱԵ հետևորդները, չիմանան, օրինակ, մոմի վաճառքը ինչքա՞ն շրջանառություն է ապահովում, հետո ի՞նչ են լինում այդ փողերը», - հավելել է նա։
Փաշինյանի խոսքով՝ հոգևորականների ներկայիս կարգավիճակը պայմանավորված է նրանով, որ նրանք թե՛ ֆինանսական, թե՛ այլ տեսանկյուններից կախվածության մեջ լինեն մեկ անձից։ «Իսկ ինչո՞ւ չպետք է լինի հոգևոր ծառայողի էթիկայի կանոնակարգ: Մենք պետք է որպես հանրություն՝ պատասխան տանք հարցին՝ մեզ համար նորմալ և ընդունելի՞ է, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող մարդը զավակներ ունենա», - ընդգծել է վարչապետը։
Նա հավելել է, որ Հայաստանի քաղաքացիները պետք է պատասխանեն այդ հարցին։ «Հոգևորականները եկեղեցու շատ կարևոր հատվածն են, բայց եկեղեցին առաջին հերթին ժողովուրդն է՝ հավատավոր հետևորդները: Եվ Կտրիճ Ներսիսյանը (նկատի ունի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին – խմբ.) առավել ևս եկեղեցի չէ», - եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։