Մաքսատուրքից ազատվեց մի քանի ընկերություն

Մաքսատուրքից ազատվեց մի քանի ընկերություն

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 23–ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԱԳՐՈՆԵՍԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը

Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը և սարքավորումները նախատեսվում են օգտագործել գերժամանակակից ջերմոցի կառուցման համար, որտեղ կաճեցվեն լոլիկներ։ Ծրագիրն իրականացվելու է Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2026 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 11․1 մլրդ դրամի ներդրում հումքի ու սարքավորումների ձեռքբերման, շինարարական աշխատանքների իրականացման համար։

Ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում, նախատեսվում է ստեղծել 140 նոր աշխատատեղ՝ 200 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 8.5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 550 մլն դրամ։

Մեկ այլ որոշմամբ մաքսատուրքից ազատվեց «ՎԱՆՍԵՎԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որի կողմից ներմուծվող հումքը և սարքավորումները նախատեսվում է օգտագործել գինու արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Արմավիրի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 170.9 մլն դրամի ներդրում հումքի  և հիմնական միջոցների ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 4 հիմնական (ոչ սեզոնային) աշխատատեղ՝ 160 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում, նոր աշխատատեղերի ստեղծում չի նախատեսվում։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 170.9 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 16.9 մլն դրամ։