Ժամանակակից աշխարհում բիզնեսն ու բնությունը չեն հակադրվում` ռիսկերը կառավարելի են

Ժամանակակից աշխարհում բիզնեսն ու բնությունը չեն  հակադրվում` ռիսկերը կառավարելի են

Հնարավո՞ր է արդյոք զբաղվել բիզնեսով, բայց չվնասել բնությանը։ Պարզվում է՝ հնարավոր է ռիսկերը նվազեցնել։ Թեմաները քննարկվել են Robust Armenia 2026 կոնֆերանսում։ «Բիզնեսը և բնությունը»․ այս տարվա թեման պատահական չի ընտրվել․ 2026–ի հոկտեմբերին Երեւանում անցկացվելու է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը, ուստի որոշվել է խոսել այն մասին, թե ինչպե՞ս է հայաստանյան բիզնեսը հարաբերվում բնության հետ, ի՞նչ քայլեր են կատարվում «կանաչ» տնտեսության ոլորտում։ Կոնֆերանսը կազմակերպվում է արդեն երրորդ անգամ։ Մեդիամաքսի տնօրեն Արա Թադևոսյանի խոսքով՝ միջոցառման նպատակը կայուն զարգացման խնդիրների վերհանումն է։ Նա կարծում է, որ բիզնեսն ու բնությունը կարող են համերաշխ կողք–կողքի զարգանալ։

«Բնականաբար, կապ ունի նաև գործունեության տեսակը։ Մեր առաջին պանելային քննարկումը թույլ տվեց հասկանալ, որ հանքարդյունաբերական ընկերությունները, որոնք համարվում են բնությանն ամենաշատ վնաս տվողներից, բավականին լուրջ գործունեություն են ծավալում՝ նվազեցնելու իրենց ազդեցությունը, ինչպես նաև` վերականգնելու բնությունը»։

zpmk-2-1.jpg (140 KB)

Պատասխանատու հանքարդյունաբերության հիմքում շրջակա միջավայրի վրա հնարավորինս քիչ ազդեցություն ունենալն է։ Կենսաբազմազանության վրա ազդում են նաև այլ  ոլորտներ ՝ գյուղատնտեսություն, տուրիզմ։ Այստեղ էականն, ըստ մասնագետների, ռիսկերի ճիշտ կառավարումն է։ «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման մենեջեր Արթուր Պեպանյանն ընդգծում է՝ առաջին հայացքից են միայն բիզնեսն ու բնությունը հակադրության մեջ։ Նշում է՝ նախ չպետք է անել այնպիսի գործողություններ, որոնք կարող են կենսաբազմազանության վրա ազդել: Բայց, եթե  անխուսափելի են, պետք է նվազեցնել ազդեցությունը, վերականգնել ու փոխհատուցել։ Նման օրինակ արդեն կա․ Ամուլսարի գագաթին բացհանքի հատվածում տարիներ առաջ Կարմիր գրքում գրանցված «Մատունի ծիրանավոր» տեսակն էր հայտնաբերվել։ Ընկերության ջանքերով կնքվեց եռակողմ պայմանագիր։ Քեմբրիջի համալսարանից ու Բուսաբանության ինստիտուտից մասնագետներ եկան, հաշվառեցին առանձնյակները։ Դրանք տեղափոխվեցին Սևանի բուսաբանական այգի՝ հիշում է «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման մենեջերը։ Նա նշում է, որ նախատեսում են դրանք առանձնացված հատվածներում բնություն վերադարձնել։ «Նաև փակման փուլում նախատեսում ենք այդ բուսատեսակը վերադարձնել բնական միջավայր։ Սա կենսաբազմազանությանը ուղղված ծրագրերից մեկն է»։

Պատասխանատու բիզնեսի համար բնությունը ոչ թե հակադրություն է, այլ ռիսկերի կառավարում՝ ընդգծում է ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։ Նրա խոսքով՝ «Կայուն զարգացումն այսօր դիտարկվում է որպես ժամանակակից բիզնես մոդել․ կօգտագործե՞ս՝ կհամարվես ժամանակակից։ Ոչ միայն հանքարդյունաբերողների մասին է խոսքը։ Ցանկացած բիզնես ուղղություն, եթե հիմքում կա պատասխանատվություն բառը, համարվում է ժամանակակից։

Կայուն զարգացման հաշվետվողականությունը հանքարդյունաբերության ոլորտի համար կարևորագույն ու առանցքային է։ Հայաստանում առաջին անգամ նման զեկույց ներկայացրել է «Լիդիան Արմենիան»՝ 2017 թվականին։ Հաջորդը կհրապարակվի արդեն 2027–ին։ Հատկապես վերջին տարիներին փոխվել է պետության վերաբերմունքը ոլորտի նկատմամբ՝ արձանագրում է ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրենը։ Այս պահին հարաբերությունը կառուցողական է՝ ասում է, իսկ սա երկուստեք շահեկան է։

Կարևոր է նաև վերահսկողությունը՝ արձանագրում է ընկերության կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Աննա Սաղաբալյանը։ Նրա խոսքով՝ իրականում բիզնեսն ու բնությունը չպետք է հակադրվեն։ ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանն ընդգծում է՝ հակադրություն միանշանակ կա՝ նայած, թե որ տեսանկյունից է հարցը դիտարկվում։ «Եթե հարցը դիտարկվում է պատասխանատվության տեսանկյունից, ապա հակադրություն չկա, կա ռիսկերի կառավարում, որոնք նաև հնարավորությունների դաշտ են բացում»։

Աշխարհում պատասխանատու բիզնեսը՝ անկախ ոլորտից, ստեղծում է հնարավորություններ, որոնք ափսոս է բաց թողնել։ Հատկապես խոշոր ընկերությունների համար ֆինանսական միջոցները ներգրավվում են բանկերի միջոցով։ Մասնավորապես, վերջին տարիներին ֆինանսական կառույցները կարևորում են կանաչ տնտեսության զարգացումը։ Յունիբանկի վարչության նախագահի տեղակալ Վաղինակ Ստեփանյանի տեղեկացմամբ՝ հիմնականում կանաչ տնտեսության վարկավորմամբ են հայտնի, բայց վերջին տարիներին նաև ֆինանսավորում են շինարարության ու այլ ոլորտներ։ Շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցությունը մեղմելու նպատակով այստեղ, օրինակ, ծառայողական մեքենաները էլեկտրական են, տվյալների բազաները սպասարկում են արևային վահանակները։ Միջազգային ռեյտինգային կազմակերպությունների համագործակցությամբ նաև նոր ստանդարտներ են ներդրել։ Հաջորդ քայլով արդեն հաճախորդների վարկային ռիսկերը քննարկելիս նաև բնապահպանական բաղադրիչն են կարևորելու։ Ընդհանրապես, տարեցտարի Հայաստանում փորձ է արվում ավելի ու ավելի շատ կառավարել բիզնեսի գործունեությունից առաջացող ռիսկերը։

Հիշեցնենք, որ COP17–ին ընդառաջ այս տարի Հայաստանում նաև Ջոն Հոբբսի անվան կենսաբազմազանության պահպանության մրցանակաբաշխություն կկազմակերպվի։ Այն սահմանվել է Mining Armenia Forum կազմկոմիտեի նախաձեռնությամբ։ Մրցանակին կարող են հավակնել Հայաստանում ընդերքօգտագործման լիցենզիայի տարածքում կենսաբազմազանության (վտանգված, էնդեմիկ) տեսակների պահպանությանն ուղղված ծրագրերը։