Երևանում հանդիսավորությամբ բացվեց Իսպանիայի Թագավորության Պատվավոր հյուպատոսությունը

Երևանում հանդիսավորությամբ բացվեց Իսպանիայի Թագավորության Պատվավոր հյուպատոսությունը

Երևանում հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ Իսպանիայի Թագավորության Պատվավոր հյուպատոսության բացման արարողությունը։ Պատվավոր հյուպատոս Աշոտ Փարսյանը համատեղության կարգով նաև Գվատեմալայի Պատվո հյուպատոսն է Հայաստանում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Աշոտ Փարսյանը նշեց, որ Պատվավոր հյուպատոսության գլխավոր առաքելությունը ոչ միայն Իսպանիայի քաղաքացիներին ցուցաբերվող աջակցությունն է Հայաստանում, այլև երկու երկրների միջև տնտեսական ու մշակութային կապերի ամրապնդումը։

«Ձգտելու ենք բարձրացնել Իսպանիայի ճանաչելիությունը մեր երկրում՝ հանդիսանալով ինտենսիվ գործող կամուրջ երկու երկրների միջև։ Պատվո հյուպատոսությունն ունի իր նախապատմությունը։ Ես հանդիսանում եմ Հայաստանում իսպանական կենտրոնի հիմնադիր նախագահը։ Այս կառույցն ավելի քան 20 տարի ակտիվ աշխատանքներ է իրականացնում Հայաստանում՝ խորացնելով կապերն իսպանախոս աշխարհի հետ։ Մենք շարունակելու ենք նույն առաքելությունը։ Այս շենքում արդեն իսկ գործում են Cenro Hispano կենտրոնն ու գողտրիկ իսպանական ռեստորանը ավանդական ուտեստներով, հիմա դրանց միացավ նաև Պատվո հյուպատոսությունը։ Այստեղ կան նաև թանգարանային նմուշներ, որոնք այցելուներին որոշակի պատկերացում են տալիս իսպանական մշակույթի մասին։ Մեզ մոտ հաճախակի կազմակերպվում են նաև հետաքրքիր միջոցառումներ»,- ասաց Փարսյանը։

Նրա կարծիքով՝ վիզաների ազատականացումը մեծապես կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանն ու մարդկանց ավելի ազատ տեղաշարժին՝ ակտիվացնելով երկուստեք այցելությունները։ 

«Իսպանացիները Հայաստան այցելելու հետ կապված խնդիրներ չունեն, պարզապես ցանկանում ենք նաև Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնել՝ խթանելով զբոսաշրջությունը, որպեսզի ավելի շատ թվով Իսպանիայի քաղաքացիներ ժամանեն մեր երկիր։ Վիզաների ազատականացումը կարևոր է նաև Հայաստանի քաղաքացիների, մասնավորապես հայ գործարարների համար, ովքեր ավելի ազատ գործունեություն կծավալեն եվրոպական երկրներում։ Վերջերս իսպանացի գործարարների մի ստվար պատվիրակություն այցելել էր Հայաստան՝ տեղում ծանոթանալու մեր երկրի տնտեսական ներուժին, որն իսպանացիների համար ունի նաև ներդրումային գրավչություն։ Համագործակցության սկզիբը դրված է, իսկ օգուտը բոլորը կտեսնեն մոտ ապագայում»,- ասաց Փարսյանը։  

ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսն իր ելույթում նշեց, որ իսպանական կողմի համար մեծ պատիվ է Պատվավոր հյուպատոսություն բացել մի երկրում, որը լի է ոգով և կրում է հազարամյա պատմություն և մշակույթ։