Թիմ Կուկը 15 տարվա ղեկավարումից հետո լքում է Apple-ի գործադիր տնօրենի պաշտոնը

Թիմ Կուկը 15 տարվա ղեկավարումից հետո լքում է Apple-ի գործադիր տնօրենի պաշտոնը

Apple-ի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Թիմ Կուկը 2026 թվականի սեպտեմբերի 1-ից կդադարեցնի ընկերության գործադիր տնօրենի (CEO) իր լիազորությունները։ Միևնույն ժամանակ նա չի հեռանում ընկերությունից և կշարունակի գործունեությունը որպես գործադիր նախագահ (Executive Chairman)՝ ներգրավված մնալով ռազմավարական որոշումների մեջ։

Նրա փոխարեն CEO կդառնա Ջոն Տերնուսը, որը ներկայում ընկերության սարքավորումների ինժեներական բաժնի ավագ փոխնախագահն է։ Նշանակումը հաստատվել է Apple-ի տնօրենների խորհրդի կողմից՝ ընկերության նախապես մշակված հաջորդականության ծրագրի շրջանակում։

Թիմ Կուկը ղեկավարում էր Apple-ը 2011 թվականից՝ փոխարինելով Սթիվ Ջոբսին։ Նրա կառավարման տարիներին ընկերությունը զգալիորեն աճել է, դարձել է աշխարհի ամենաթանկարժեքներից մեկը՝ շուկայական արժեքը հասցնելով ավելի քան 4 տրիլիոն դոլարի և զարգացրել է թե՛ նոր սարքեր, թե՛ ծառայություններ։ Այդ ընթացքում շուկա են դուրս եկել այնպիսի հայտնի արտադրանքներ, ինչպիսիք են Apple Watch-ը և AirPods-ը, ինչպես նաև մեծապես ընդլայնվել է Apple-ի ծառայությունների էկոհամակարգը։

Իր հայտարարության մեջ Քուքը նշել է, որ Apple-ի գործադիր տնօրեն լինելը իր կյանքի ամենամեծ պատիվն է եղել, և ինքը շարունակելու է աջակցել ընկերության զարգացմանը արդեն նոր դերում։