Քաղաքաշինության կոմիտեի նախագահն անդրադարձել է մայրաքաղաքում պարբերաբար առաջացող մեծ խցանումների խնդրին

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն անդրադարձել է մայրաքաղաքում պարբերաբար առաջացող մեծ խցանումների խնդրին

Հայաստանի մայրաքաղաք Երևանում խցանումների խնդիրը կարգավորելու նպատակով Հայաստանի վարչապետի հանձնարարությամբ ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը գլխավորում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Խմբում ներգրավված են պետական մի քանի մարմինների ներկայացուցիչները, որոնք քննարկում են լուծման ուղիները։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը՝ անդրադառնալով Երևանում պարբերաբար առաջացող մեծ խցանումներին և այդ խնդրի լուծման քաղաքաշինական ուղիներին։

«Դա մեր գլխավոր խնդիրներից մեկն է, որի լուծմանը նույնպես պետք է հասնենք միջգերատեսչական աշխատանքի, համայնքի ու պետական մարմինների սերտ համագործակցության արդյունքում։ Խնդիրն իրականում շատ խորքային է։ Քաղաքացիները տեսնում են խցանումները և արդարացիորեն դժգոհում դրանից։ Խնդիրը գալիս է նախկինում Երևան քաղաքի գլխավոր հատակագծի և կառուցապատման պլանավորման դեռևս խորհրդային ժամանակաշրջանից և շարունակվում է մինչ օրս»,- ասաց Վարդանյանը։

Նա հիշեցրեց, որ ԽՍՀՄ-ի օրոք, երբ ամեն ինչ պլանավորված էր, կային բնակության համար նախատեսված թաղամասեր և աշխատանքի համար նախատեսված գործարանային թաղամասեր, ինչը գեներացնում էր տրանսպորտային հոսքերը, մինչդեռ ժամանակակից քաղաքաշինությունն ամբողջ աշխարհում ընտրել է այն մոդելը, որի համաձայն՝ թաղամասերը պետք է հնարավորինս լինեն ինքնաբավ, այսինքն՝ յուրաքանչյուր թաղամասում պետք է լինի և՛ մանկապարտեզ, և՛ դպրոց, և՛ աշխատանքի, առևտրի ու ժամանցի հնարավորություն, որպեսզի հնարավորինս քիչ գեներացվեն տրանսպորտային հոսքերը՝ տարբեր կարիքները հոգալու համար։

«Մյուս կողմից մեր քաղաքացիների կենսամակարդակն անխուսափելիորեն բարելավվում է, և շատերը ձեռք են բերում ավտոմեքենա։ Մի կողմից դա լավ է, բայց մյուս կողմից էլ նպաստում է խցանումների աճին։ Մտածում ենք Երևան քաղաքի մուտքերի, մետրոկայարանների և կենտրոն վարչական շրջանի մուտքերի մոտ կառուցել ստորգետնյա և վերգետնյա 8-10 հարկանի ավտոկայանատեղիներ, որպեսզի մարդիկ այդտեղ թողնեն մեքենան և երթևեկեն հասարակական տրանսպորտով կամ ցանկության դեպքում տեղաշարժվեն ոտքով։ Մարդիկ հետո կարող են գալ կայանատեղի ու մեքենայով վերադառնալ տուն»,- նշեց մեր զրուցակիցը։  

Եղիազարյանը հավաստիացրեց, որ քաղաքաշինական առումով չի խրախուսվելու և առաջիկայում կսահմանափակվի կետային կառուցապատումը, այսինքն՝ գնալով սահմանափակվելու է հատկապես Երևանի կենտրոնում և դրան հարող տարածքներում որևէ կետային շենքի նախագծումն ու կառուցումը, այլ խրախուսվելու է թաղամասային կառուցումը։

«Դա կարող է լինել կենտրոնից դեպի դուրս գտնվող երևանամերձ տարածքներում, որտեղ 2025 թվականի համեմատ՝ շինծրագրերը գերազանցում են Երևանում տեղի ունեցող շինծրագրերին։ Օրինակ՝ Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերում այդ առումով մեծ աշխուժություն է։ Վանաձորում նույնպես կառուցապատման մեծաքանակ հայտեր կան։ Եթե տեմպը պահպանվի մի քանի տարի, ապա մի կողմից բնակարանային ապահովման խնդիրը կլուծվի, մյուս կողմից էլ, Կառավարության ծրագրի համաձայն, բոլոր համայնքներում կառուցվող կրթական, սոցիալական, առողջապահական ենթակառուցվածքները կնպաստեն գերհագեցած շարժերի պակասեցմանը։ Արդյունքում աստիճանաբար կգանք նրան, որ հասարակական տրանսպորտի ցանցն ու հագեցվածությունը կապահովեն մարդկանց հարմարավետ երթևեկությունը»,- ասաց Եղիազարյանը։