Քաղաքաշինության կոմիտեն Հայաստանի բազմակենտրոն զարգացման նախագիծ է մշակում
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը վստահեցնում է, որ իր ղեկավարած կառույցն աշխատում է մեծ ճակատով՝ սկսած փոքր տեղային խնդիրներից, որոնք ուղղակի ազդեցություն ունեն քաղաքացիների և կառուցապատողների վրա, վերջացրած մեծ ռազմավարական ծրագրերով, որոնք առնչվում են ապագայի քաղաքաշինական զարգացմանը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Եղիազար Վարդանյանն անդրադարձավ առաջնահերթ այն խնդիրներին, որոնց լուծման ուղղությամբ հետևողականորեն աշխատում է իր գլխավորած կառույցը։
«Մեզ համար առաջնահերթություն է թվայնացումը, որն իրականացնում ենք բոլոր ուղղություններով։ Դա հնարավորություն կտա քաղաքացիներին ու կառուցապատողներին իրենց գործունեությունը ծավալել կանխատեսելի ու բարենպաստ բիզնես միջավայրում։ Նրանց համար պետք է հստակ լինի, թե երբ են ստանալու շինարարության թույլտվություն և ինչ ընթացակարգով։ Խաղի կանոնները պետք է լինեն առանց երկիմաստությունների, այնպես կարգավորված, որ տարընթերցումների տեղիք չտան, և կառուցապատողներն ու անհատական բնակելի տներ կառուցող քաղաքացիները կարճ ժամանակում ստանան իրենց բոլոր հարցերի պատասխանները»,- ասաց Վարդանյանը։
Նա հավելեց, որ թվայնացմանը զուգընթաց՝ կոմիտեն իրականացնում է քաղաքաշինական գործընթացների պարզեցումներ և հստակեցումներ։ Այդ գործընթացը շարունակական է։ Օրինակ՝ մինչև 300 ք/մ տարածքով բնակելի տներ կառուցելու համար թույլտվության պրոցեսներից մինչ ավարտական ակտի ստացումը, գրեթե այնպիսի կարգավորումներ են արվել, որ հնարավոր է ինքնաշխատ եղանակը կիրառել նաև ավելի մեծ կառուցապատումների վրա։
«Իսկ ռազմավարական առումով շատ ենք կարևորում Հայաստանի Հանրապետության բազմակենտրոն զարգացումը։ Սա մեր գլխավոր նպատակներից մեկն է, որի իրականացման համար միայն Քաղաքաշինության կոմիտեի գործառույթները բավարար չեն, հետևաբար ցանկալի արդյունքի կարող ենք հասնել միջգերատեսչական սերտ աշխատանքի միջոցով, որպեսզի Երևանից հեռու գտնվող բնակավայրերն իրենց կենսունակությունն ապահովեն երկար տարիներ։ Մենք մի կողմից վատ, մյուս կողմից էլ լավ վիճակում ենք։ Օրինակ՝ եվրոպական զարգացած երկրներում տարբեր ճանապարհներ են փորձարկել՝ հեռավոր բնակավայրերը կենսունակ պահելու համար։ Տեղեր կան՝ սխալվել են, տեղեր կան՝ գտել են լավ լուծումներ»,- ասաց մեր զրուցակիցը։
Նա հավելեց, որ կոմիտեն այժմ ուսումնասիրում է այդ լուծումները, որպեսզի դրանք տեղայնացնի ՀՀ-ում՝ մշակելով այն մեթոդներն ու եղանակները, որոնց շնորհիվ հաշվի կառնվեն մեր իրականությունը, ռելիեֆային առանձնահատկությունները և ճիշտ կգծագրվի այն մեթոդը, որով կապահովվի բազմակենտրոն զարգացումը։
«Ամփոփ փաստաթուղթը կլինի Հայաստանի տարաբնակեցման և տարածքների քաղաքաշինական կազմակերպման նախագիծը։ Մենք հաշվի ենք առել միջազգային փորձը։ Լիահույս ենք, որ նախագիծն առաջիկայում կհաստատվի Կառավարության որոշմամբ։ Կհայտարարվի միջազգային մրցույթ՝ ներգրավելով արտասահմանյան փորձագետների, որպեսզի մեծ վերլուծական աշխատանք պարունակող նախագիծը կյանքի կոչվի։ Նախագծում համադրվել են տրանսպորտային ենթակառուցվածքները, ջրային պաշարների առկայությունը, հողերի որակը, տուրիզմի զարգացման ներուժը, բնակլիմայական շերտերը։ Համադրման եղանակով հնարավոր է գտնել բնակավայրերի զարգացման հնարավոր լավագույն ճանապարհը»,-ասաց Վարդանյանը։