Դեպի Երևան նոր ջրատար կկառուցվի, որի շնորհիվ ջրամատակարարման գրաֆիկը շարունակաբար ավելի լավը կդառնա. Խուդաթյան

Դեպի Երևան նոր ջրատար կկառուցվի, որի շնորհիվ ջրամատակարարման գրաֆիկը շարունակաբար ավելի լավը կդառնա. Խուդաթյան

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը կարծում է, որ «Վեոլիա ջուր» ընկերության այս տարվա ջրամատակարարման գրաֆիկը ոչնչով վատը չէր նախորդ տարիների մատակարարման գրաֆիկներից։

Ըստ նրա՝ տվյալ հարցի շուրջ առաջացած աղմուկն ունի ներքաղաքական ենթատեքստ։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՏԿԵ նախարարն անդրադարձավ «Վեոլիա ջուր» ընկերության կողմից ամառվա ամիսներին նախատեսված ջրամատակարարման կրճատումների հարցին։  

«Տարվա գրեթե նույն սեզոնին «Վեոլիա ջուր» ընկերությունը միշտ հայտարարում է համանման ջրամատակարարման գրաֆիկի մասին։ Այս տարվա մատակարարման գրաֆիկը ոչնչով վատը չէ նախորդ տարիների մատակարարման գրաֆիկներից։ Բայց հասկանալի է, որ տարին նախընտրական է, ընդդիմադիր գործընկերները երևի որոշել են առաջին անգամ «Վեոլիա ջուր» ընկերության մատակարարման գրաֆիկը կարդալ, որովհետև աղմուկը պայմանավորված է հենց դրանով»,- նշեց Խուդաթյանը։

Նա հավելեց, որ վերջին տարիներին մեծ ծավալի ներդրումներ են կատարվել այն ենթակառուցվածքներում, որոնք սպասարկում է «Վեոլիա ջուր» ընկերությունը։   

«Երևանում ներդրումները կատարվել են Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով, ինչպես նաև սեփական միջոցների հաշվին, իսկ մարզերում՝ սուբվենցիոն ծրագրերի միջոցով։ Իրականացվել են նաև «Վեոլիա ջուր» ընկերության պարտադիր կատարման ծրագրով նախատեսված աշխատանքներ։ Ակնկալում ենք, որ այն հատվածներում, որտեղ իրականացվել են նման աշխատանքներ, ջրի կորուստները պետք է էապես կրճատվեն։ Արդեն ունենք որոշակի ցուցանիշներ։ Օրինակ՝ խմելու ջրի մասով 2025 թվականին, նախորդ տարվա համեմատ, 1․5-2 տոկոս կորուստի կրճատում ենք ունեցել։ Մեր ակնկալիքն այն է, որ ներդրումները պետք է հանգեցնեն ոչ միայն ջրամատակարարման չկրճատմանը, այլև ջրամատակարարման ծավալի և որակի ավելացմանը»,- ասաց ՏԿԵ նախարարը։  

Նա տեղեկացրեց, որ «Վեոլիա ջուր» ընկերության գործընկերների հետ քննարկվում է դեպի Երևան եկող ջրատարի կառուցման հարցը, քանի որ մայրաքաղաքում արագ աճող բազմաբնակարան շենքերի քանակով պայմանավորված՝ առկա ջրային ռեսուրսները սակավ են, ուստի պլանավորվում է առաջիկայում սկսել վերը նշված ջրատարի շինաշխատանքները։

«Դա հնարավորություն կտա այլ վայրերից խմելու ջուր բերել Երևան և մայրաքաղաքի ջրամատակարարման գրաֆիկը շարունակաբար դարձնել ավելի լավը»,- հավաստիացրեց ՏԿԵ նախարարը։