Ադրբեջանի հետ փախստականների տեղափոխման վերաբերյալ միջպետական համաձայնագիր չի լինի․ հայ պատգամավոր
Հայաստանի դիրքորոշումը եղել է և շարունակում է մնալ այն, որ Ադրբեջանի հետ փախստականների տեղաշարժի վերաբերյալ որևէ միջպետական համաձայնագիր չպետք է լինի։ Այս մասին ապրիլի 18-ին Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։
«Նույնիսկ խաղաղության պայմանագրի բանակցությունների ժամանակ, երբ տեքստը դեռ հրապարակված չէր, և բանակցությունները շարունակվում էին, մենք հայտարարել էինք, որ փախստականների տեղաշարժի վերաբերյալ միջպետական մակարդակով համաձայնագիր չի լինի։ Եվ մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ», - նշել է պատգամավորը՝ շեշտելով, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս չի քննարկում այս հարցը։
Պատգամավորի խոսքով՝ խաղաղության պայմանագրում չի խոսվում վերադարձի մասին։ Միևնույն ժամանակ, որոշ քաղաքացիների դեպքում, եթե ազատ տեղաշարժի հնարավորություն լինի, ապա այս կամ այն վայրում բնակվելու վերաբերյալ անհատական որոշումների կայացումը կդառնա իրավական կարգավորումների և իրավահարաբերությունների հարց։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերադարձի հարցին՝ Ղազարյանը, մասնավորապես, նշել է, որ Հայաստանի կառավարությունը աջակցության ծրագրեր է առաջարկել նրանց։ Գործադիրը նաև առաջարկել է փախստականներին ընդունել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և օգտվել բոլոր իրավունքներից։
Միևնույն ժամանակ, պատգամավորը նկատել է, որ այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք իշխանության գալու դեպքում վերադարձի պայմաններ ստեղծելու խոստումներ են տալիս, իրականում մանիպուլյացիայի են ենթարկում մարդկանց՝ թույլ չտալով նրանց հաստատվել Հայաստանում։