Քաղաքական պրոբլեմ չկա. Պապոյանը՝ ՌԴ արտահանման մասին
Հայ արտահանողները Ռուսաստանում խնդիրներ ունեն այնքանով, ինչքանով կարող են ունենալ օրենքի շրջանակներում, քաղաքական պրոբլեմ չկա։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 18–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով նրան, որ Մոսկվայում Փաշինյան–Պուտին հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը հայտարարել էր, որ եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ–ից, տնտեսական խնդիրներ կարող են ծագել։
Պապոյանը նկատեց, որ այս պահին Հայաստանը ԵԱՏՄ–ում է, հետևաբար, խնդիրներ չկան։
Ինչ վերաբերում է ավելի վաղ իր արած հայտարարությանը, թե ԵԱՏՄ–ի դերը մեր տնտեսության վրա պետք չի ուռճացնել, նախարարն ասաց. «Ես էլի եմ ասում, որ այնպես չի, որ առանց ԵԱՏՄ-ի տնտեսություն չի լինելու կամ չկա կամ չի կարող լինել: Մենք հիմա ԵԱՏՄ-ում ենք, դա մեր որոշումն է, դա նշանակում է, որ այս պահին այդ տարբերակը ամենանպատակահարմարն է, և եթե այդ տարբերակը մնա ամենանպատակահարմարը ապագայում, կմնանք ԵԱՏՄ-ում, եթե ոչ՝ ժողովուրդը կորոշի»։
Ինչ վերաբերում է նրան, որ Ռուսաստանից գալիս են ուղիղ մեսիջներ, որ Հայաստանը պիտի կողմնորոշվի՝ ԵԱՏՄ–ում է մնում, թե ԵՄ է գնում, Պապոյանն ասաց. «Այդպիսի մեսիջ չենք ստացել»։