Ո՞վ ասաց, որ թոշակառուն պետք է գամված լինի տանը, ուզում ենք՝ ճամփորդեն և այդ հարցը ԵՄ–ի հետ բանակցում ենք. Փաշինյան
Մարդիկ հերթագրվում են ԵՄ երկրների վիզա ստանալու համար և իրենց հերթը ամիսներ անց պետք է գա. Սրա պատճառն ուղևորահոսքերի աճն է։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 18–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2017 թվականի համեմատ դեպի ԵՄ երկրներ 2025 թվականին 580% ով ուղևորահոսքի աճ արձանագրվել։ Այսինքն եթե 2017 թվականին մեկնել էր 1000 մարդ, 2025 թվականին մեկնել է 5800 մարդ և խոսքը այս դեպքում այն քաղաքացիների մասին է, որոնք ստացել են վիզա, հակառակ դեպքում չէին կարողանա գնալ։ Մենք արդեն մի քանի տարի է այս թեմայով զբաղվում ենք, մեր գործընկերներն ասում են՝ մենք բյուջետային պլանավորում ունեինք ոչ մեկ չէր կարող կանխատեսել որ Հայաստանում այսպիսի հոսքի մեծացում է տեղի ունենալու։ Եվ նաև դա է պատճառը, որ մենք հիմա վիզաների ազատականացում ենք բանակցում։ ՀՀ–ն այսօր միակ երկիրն է, որի հետ Եվրամիությունը բանակցում է վիզաների ազատականացման շուրջ և ես համոզված եմ, որ մենք հնարավորինս արագ արդյունք կարձանագրենք»,–ասաց նա։
Փաշինյանն անդրադարձավ ԱԺ–ում իր ունեցած ելույթին, որտեղ ասել էր, որ 2 եվրոյով ավիատոմս կա դեպի Լառնակա. ««Այո իմ ելույթի պահին, երբ որ ես սկսել եմ դրա մասին խոսել, ամսի 19-ի համար 2 եվրոյով եղել է տոմս, սքրինշոթը իմ հեռախոսում կա։ Բայց գիտեք, որ գները լողացող են։
Նաև ես ասում եմ, որ թոշակառուները կարող են բարձրացրած թոշակով՝ 10.000 դրամով, 10 տոմս գնել։ Ընդհանրապես, միջազգային կյանքում շատ ընդունված է, որ մարդիկ իրենք թոշակի տարիքը օգտագործում են ճամփորդելու համար, և մենք էլ այդպիսի նպատակադրում ունենք։ Իսկ ո՞վ է ասել, որ մարդը թոշակային տարիքում պետք է գամված լինի իր տանը, իր բակին, մարդիկ պետք է ճամփորդեն։
Պարզ է, որ այսօր իրենք այդ հնարավորությունները չունեն, մենք դեռ հլը նոր-նոր նվազագույն սպառողական զամբյուղի շեմն ենք հաղթահարում, բայց համատեղ աշխատանքի արդյունքում մենք, իհարկե, համոզված եմ՝ այդ խնդիրը նույնպես կլուծենք, որ մեր սիրելի թոշակառուները սկսեն Հայաստանի Հանրապետության մեջ շատ ճամփորդել, հետո նաև արտերկիր ճամփորդել։ Ի վերջո դա բարեկեցության շատ կարևոր մի էլեմենտ է։
Մենք Եվրամիության հետ գործընկերների հետ բանակցությունների ամանակ այդ հարցը բարձրացրել ենք, առաջիկա Եվրամիություն-Հայաստան գագաթաժողովի ընթացքում նույնպես այդ հարցը կբարձրացվի»,–ասաց Փաշինյանը։
Նշենք, որ ՀՀ քաղաքացիները լուրջ խնդիրների են բախվում ԵՄ երկրների վիզա ստանալու հարցում։ Ընդ որում, ոչ թե վիզա ստանալու, այլ վիզաների համար հերթագրվելն է լուրջ խնդիր և մարդիկ, երբեմն տուրիստական փաթեթին հավասար գումար են վճարում հերթագրվելու համար։