Հայաստանը միանում է «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքին»
Հայաստանը միանում է «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքին»։ Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18–ի նիստում վավերացրեց «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությունը։
Դաշինքը ստեղծվել է Ասիայի երկրների նախաձեռնությամբ՝ հավասարության, կամավորության, փոխադարձ հարգանքի և շահավետության սկզբունքների հիման վրա՝ որպես միջկառավարական կազմակերպություն, որի առաքելությունն է Ասիայի մշակութային ժառանգության պահպանման կարողությունների ամրապնդումը, ժառանգության և տնտեսական, սոցիալական, մշակութային ու բնապահպանական զարգացումների միջև ներդաշնակության ապահովումը, ժողովուրդների միջև կապերի խորացումն ու քաղաքակրթական արժեքների փոխանցումը։
Դաշինքին անդամակցության միջոցով հնարավոր կլինի՝
ներգրավվել տարածաշրջանային և երկկողմ հուշարձանների պահպանման ծրագրերում,
մասնակցել մասնագիտական վերապատրաստումներին և փորձի փոխանակման հարթակներին,
ներկայացնել և տարածել հայկական մշակութային ժառանգությունը միջազգային հարթակներում,
աջակցություն ստանալ ժառանգության թվայնացման, պահպանման և վերականգնման նախագծերի իրականացման համար,
ամրապնդել մշակութային դիվանագիտության գործիքակազմը՝ Ասիայում Հայաստանի դրական կերպարի ձևավորման համար։
Դաշինքին անդամությունը չի ենթադրում պարտադիր ֆինանսական վճարումներ, իսկ դիտորդ անդամի կարգավիճակով հնարավոր է մասնակցել բոլոր հիմնական գործընթացներին՝ առանց իրավական պարտավորությունների։