Լոգիստիկայի խնդիրներ. Հայաստանը շեշտադրում է ավիացիոն բեռնափոխադրումնե՞րը
Շարունակվող աշխարհաքաղաքական փոփոխությունների համատեքստում հայ գործարարները բախվում են աճող մարտահրավերների, որոնք ուղղակիորեն ազդում են նրանց մրցունակության վրա արտաքին շուկաներում։ Այս մասին հայտնել է Միջազգային գործնական հարաբերությունների աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը՝ ընդգծելով, որ այսօր հիմնական խնդիրները կենտրոնացած են լոգիստիկայի եւ արտահանման ոլորտներում։
Նրա խոսքով՝ բիզնեսը պարբերաբար բախվում է պատնեշների՝ ապրանքներն արտասահման տեղափոխելիս. լոգիստիկան դառնում է ավելի բարդ, տրանսպորտային ծախսերն՝ աճում են, առաջանում են դժվարություններ ապրանքի արժեքը որոշելու հարցում: Անկայուն եւ երկար մատակարարման շղթաների պայմաններում ապրանքի բարձր որակի պահպանումը լրացուցիչ մարտահրավեր է ներկայացնում:
Առաջարկվող լուծումներից մեկը բեռնափոխադրման համակարգի զարգացումն է, մասնավորապես՝ օդային տրանսպորտի ակտիվ օգտագործման միջոցով: Այս մոտեցումը զգալիորեն կկրճատի առաքման ժամանակը եւ կբարելավի արտահանման գործողությունների արդյունավետությունը: Սակայն, առանց կառավարության աջակցության, այս ներուժն օգտագործելը դժվար կլինի:
Մանուկյանը նշել է, որ օդային փոխադրումների արժեքը նվազեցնելու եւ այն բիզնեսին հասանելի դարձնելու համար անհրաժեշտ են սուբսիդավորման մեխանիզմներ: Չնայած այն հանգամանքին, որ ընթացիկ տարում արտահանման ծրագրերի բյուջեն հաստատվել է, էկոնոմիկայի նախարարությունը քննարկում է մինչեւ 2027թ․ լոգիստիկ ծախսերին սատարող գործիքներ ներդնելու հնարավորությունը: Գործարար համայնքը հույս ունի, որ այս միջոցառումները ոչ միայն կընդունվեն, այլեւ կապահովվեն երկարաժամկետ հիմունքներով, նշել է Մանուկյանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանի աշխարհագրական դիրքն ինքնին ստեղծում է լրացուցիչ սահմանափակումներ. երկիրը փաստացի շրջապատված է խոչընդոտներով, որոնք բարդացնում են առեւտրային ուղիները: Այս պայմաններում օդային բեռնափոխադրումների զարգացումը դառնում է ոչ միայն այլընտրանք, այլեւ ռազմավարական գործիք ռիսկերի մեղմացման համար՝ թե՛ ներմուծման, թե՛ արտահանման ոլորտներում: Վերջին հաշվով, սա նշանակում է արտաքին տնտեսական գործունեության ավելի կայուն եւ ճկուն մոդելի մշակում, որտեղ լոգիստիկան կդադարի լինել խոչընդոտ եւ կվերածվի աճի շարժիչ ուժի: