ԱԺ-ում հյուրընկալվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության գործատուների հարցերով բյուրոյի տնօրենը
Գործատուների մոտ պետք է լինի մտածելակերպի փոփոխություն. գործատուն պետք է շահագրգռված լինի ստեղծելու արժանապատիվ աշխատանքային միջավայր աշխատողի համար, ինչն էլ կնպաստի բիզնեսի էլ ավելի զարգացմանը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գործատուների հարցերով բյուրոյի տնօրեն Դեբորա Ֆրանսի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:
Հանդիպմանը մասնակցել են հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանն ու Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Վահագն Համբարձումյանը:
Հերիքնազ Տիգրանյանը կարեւորել է ՀՀ-ում սոցիալական գործընկերության ինստիտուցիոնալ զարգացման ընթացքը, գործարար համայնքի հետ փոխգործակցության խորացումն ու գործատու-աշխատող հարաբերությունների օրենսդրական կարգավորումների անհրաժեշտությունը: Նա հյուրերին է ներկայացրել այդ ոլորտում օրենսդիր մարմնի կողմից իրականացվող աշխատանքները:
Քննարկվել են նաեւ Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանն անդրադարձել է միության կողմից իրականացված աշխատանքներին:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել սերտ համագործակցությունը: