Մեղրիում ընթանում է «Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք-2026» պուրակի հիմնարկեքի արարողությունը

Մեղրիում ընթանում է «Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք-2026» պուրակի հիմնարկեքի արարողությունը

Մեղրիում ընթանում է «Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք-2026» պուրակի հիմնարկեքի արարողությունը։

ԱՊՀ անդամ պետություններից Հայաստանի հարավային քաղաք ժամանած պատվիրակությունների ներկայացուցիչները տնկել են տնկիներ, որոնք խորհրդանշում են Համագործակցության մասնակիցների բարեկամությունն ու փոխգործակցությունը։

Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի խոսքից հետո մասնակիցներից յուրաքանչյուրը տնկել է կապույտ ծաղիկներով հայտնի Պավլովնիա տեսակի մեկական ծառ։ Մշակույթի փոխնախարար Դանիել Դանիելյանը նշել է, որ սա ոչ միայն բարեկամության խորհրդանիշ է, այլև կարևոր բնապահպանական քայլ՝ հաշվի առնելով Մեղրիի ամառային խիստ շոգ կլիման։

«ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ» ծրագիրն իրականացվում է 2011 թվականից՝ ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հովանու ներքո։ Ծրագրի հիմնական նպատակներից է բացահայտել քաղաքների ներուժն ու հանրայնացնել դրանց մշակութային ժառանգությունը։

ԱՊՀ երկրների համագործակցությունը խորհրդանշող պուրակը կառուցվել է Մեղրիի միակ մանկապարտեզի տարածքում։ Հիշեցնենք, որ կրթօջախը հիմնանորոգվել է 2019-2023 թվականներին՝ ՀՀ կառավարության «500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում։

Ինչպես նշել է մանկապարտեզի տնօրեն Սյուզաննա Սարգսյանը, հիմնանորոգման և բարեկարգման շնորհիվ երեխաների հաճախելիությունն ավելացել է. այժմ նախկին 8 խմբի փոխարեն գործում է 10-ը (նաև նոր մարզադահլիճ է բացվել)։ Հատկանշական է նաև, որ Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ մանկապարտեզն այսօր ապահովված է արևային պանելներով։