2026 թվականին Մեղրի քաղաքը հռչակվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք
Ապրիլի 15-ին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Անտոնյանը և Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները Մեղրի քաղաքում հյուրընկալել են ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչներին, ԱՊՀ անդամ երկրների պաշտոնական պատվիրակություններին,մշակույթի ոլորտի գործիչներին, ինչպես նաև ԱՊՀ երկրների Գործադիր կոմիտեի և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ղեկավար կազմի ներկայացուցիչներին:
Այցը կազմակերպվել էր Մեղրի քաղաքի՝ «2026 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» հռչակման շրջանակում նախատեսված միջոցառումների նախաշեմին՝ նպատակ ունենալով ամրապնդել միջպետական մշակութային համագործակցությունը, խթանել փորձի փոխանակումը և ընդգծել Մեղրիի դերակատարությունը տարածաշրջանային մշակութային կյանքում։
Հյուրերը շնորհակալություն են հայտնել Մեղրի համայնքի ղեկավարին ջերմ ընդունելության և բարձր մակարդակով կազմակերպված հյուրընկալության համար՝ կարևորելով համայնքի պատրաստակամությունը նմանօրինակ նախաձեռնություններ իրականացնելու հարցում։ Իր հերթին Խաչատուր Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակություններին այցի և համագործակցության պատրաստակամության համար՝ ընդգծելով, որ նման հանդիպումները նպաստում են մշակութային երկխոսության զարգացմանը և նոր գործընկերային կապերի ձևավորմանը։
Հիշեցնենք, որ ԱՊՀ երկրների «Մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի շրջանակում 2026 թվականին Մեղրի քաղաքը հռչակվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք։ Այդ կապակցությամբ ապրիլի 16-ին Մեղրի և Ագարակ քաղաքներում իրականացվելու են մշակութային բազմաբնույթ միջոցառումներ: