Հայաստանում սպառողական գները տարվա առաջին եռամսյակում աճել են 4.2%-ով

Հայաստանում սպառողական գները տարվա առաջին եռամսյակում աճել են 4.2%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2026 թվականի հունվար-մարտ ամիսներին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 104.2%: Միայն մարտ ամսին գնաճը նախորդ տարվա մարտի նկատմամբ կազմել է 4.5%: Գների ընդհանուր մակարդակի վրա էական ազդեցություն է ունեցել սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների թանկացումը (մարտին՝ 7.8%):

Պարենային ապրանքների շրջանակում զգալի գնաճ է արձանագրվել կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում, որտեղ մարտին գներն աճել են 12.8%-ով, ընդ որում՝ ձվի գինը նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ բարձրացել է 30.1%-ով: Մսամթերքի շուկայում արձանագրվել է 9.4% գնաճ, որի մեջ տավարի և հորթի մսի գինն աճել է 15.1%-ով: Ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների գներն աճել են 8.6%-ով։

Կրթության ոլորտում սակագների աճը մարտին կազմել է 8.3%: Տրանսպորտի ոլորտում գրանցվել է 2.1% գնաճ, թեև վառելանյութի որոշ տեսակների գները նվազել են. մասնավորապես բենզինի գինը նախորդ տարվա մարտի նկատմամբ նվազել է 6.3%-ով: Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի և գազի սակագները նվազել են 0.3%-ով: Դիտարկվող քաղաքների շարքում մարտին գների ամենաբարձր աճը գրանցվել է Երևանում՝ 4.9% և Արտաշատում՝ 4.8%, իսկ ամենացածրը՝ Հրազդանում՝ 3.4%: