Մոտավորապես 230 միլիոն մ³ ջրի լրացուցիչ ծավալ, և ոռոգվող տարածքները կավելանան

Մոտավորապես 230 միլիոն մ³ ջրի լրացուցիչ ծավալ, և ոռոգվող տարածքները կավելանան

Եթե Հայաստանում լրացուցիչ 230 միլիոն մ³ ջուր կուտակվի, ապա առկա ջրային պաշարի հետ այն բավարար կլինի կլիմայի փոփոխության ու գլոբալ տաքացման դեմ պայքարելու համար։ Ցուցանիշը դեռ 2007–2008 թվականներին էր հաշվարկել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ Գուրգեն Եղիազարյանը։ Այս ցուցանիշն այսօր արդեն նշված է կառավարության՝ փոքր ու միջին ջրամբարների կառուցման ծրագրում։ «Զարմանալի զուգադիպություն է»,– ejc.am–ի թղթակցի հետ զրույցում ասում է Եղիազարյանը։

Նա հաշվարկում է, որ այժմ ոռոգման համար շուրջ 1.2 մլրդ մ³ ջուր է անհրաժեշտ։ Ընդհանուր առմամբ, 1.5 միլիարդ մ³ բավարար կլինի մարտահրավերներին դիմակայելու համար։ Ջերմաստիճանը բարձրանում է, գոլորշիացումը մեծանում է, հետևաբար ջրման արդյունավետությունը նվազում է։ Այս դեպքում նաև ոռոգելի մակերեսները կկրկնապատկվեն։

Ոռոգման-համակարգ.jpg (246 KB)

Գյուղատնտեսական սեզոնին, ընդհանրապես, առաջնայինը ոռոգման համակարգը կարգի բերելն է՝ ներտնային ցանցերից մինչև մայր ջրանցքների մաքրում, ասում է զրուցակիցը։ Թվարկված աշխատանքները պատշաճ կատարելը կապված է հնարավորությունների և ֆինանսական կարողությունների հետ։ Հայտնի է, որ ջրօգտագործող ընկերությունների ֆինանսական կարողությունները մեծ չեն, ասում է նա։ Բացի այդ, սպասարկվող տարածքներն էլ շատ են։ Ջրանցքների մի մասը ջրօգտագործող ընկերությունների հաշվեկշռում է, մի մասն էլ համայնքների կողմից է սպասարկվում։ Ըստ էության, մաքրում են ըստ իրենց ֆինանսական հնարավորությունների։

Հայաստանում ոռոգման ջրի համակարգում խնդիր է ջրի արդյունավետ կառավարումը, ասում է մասնագետը՝ նշելով, որ հողերը հիմնականում կտրտված են և շատ ջուր են կլանում։ Ջրի կորուստներն էլ մեծ թիվ են կազմում։ Անգամ ջրամբարների լցվածության դեպքում այս խնդիրները թույլ չեն տա լիարժեք ոռոգման ջուր հասցնել գյուղացուն։

«Նույն տարածքի վրա կա ոչ թե մեկ, երկու, երեք, այլ տասնյակներով ջուր օգտագործողներ, որոնց ջրի բաշխման կառավարման համակարգը ուղղակի թույլ չի տալիս տվյալ ջրանցքները շահագործել արդյունավետ։ Սա խնդիր է, խնդիրներից մեկը»։

Ջրի կորուստների ավելացումը կամ ջրի անբավարարությունը ոռոգման ներտնտեսային ցանցում նույնպես խնդիրներ են։ Ոռոգումը 95 տոկոսով կատարվում է բաց համակարգով, իսկ որպեսզի ոռոգումն արդյունավետ լինի, պետք է անցնել փակ համակարգի, ասում է մասնագետը։

Ընդհանուր առմամբ, հանրապետությունում մշակվող տարածքները չեն ավելանում, քանի որ մարդիկ շահագրգռված չեն այդ տարածքները մշակելու։ Դա զուտ պայմանավորված է նրանով, որ շատ տարածքներում մենք ունենք ոռոգման ջրի պակաս, ոռոգման համակարգ չկա, ջուրը չի հասնում դաշտերին, հետևաբար գյուղատնտեսության մեջ ցանկացած տնտեսական գործունեություն ուղղակի չի կարող ապահովել արդյունավետություն։