Հայաստանի ՆԳՆ-ն առաջարկում է ներդնել ոստիկանության գործունեության գնահատման միասնական համակարգ. քննարկում ԱԺ-ում

Հայաստանի ՆԳՆ-ն առաջարկում է ներդնել ոստիկանության գործունեության գնահատման միասնական համակարգ. քննարկում ԱԺ-ում

Հայաստանի ներքին գործերի նախարարությունն առաջարկում է ներդրել ոստիկանների գործունեության գնահատման միասնական համակարգ։ Այս մասին ապրիլի 14-ին Ազգային ժողովի նիստում՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթի և հարակից օրենքների քննարկման ժամանակ, հայտարարել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Օրենսդրական նախաձեռնության համաձայն՝ ՆԳՆ-ն, մասնավորապես, առաջարկում է ներդնել ոստիկանության ծառայողների մասնագիտական գործունեության գնահատման միասնական համակարգ: Գնահատումը պետք է իրականացվի տարեկան կտրվածքով՝ հիմնվելով օբյեկտիվ և չափելի ցուցանիշների վրա: «Կատարողականի ընդհանուր գնահատականը կազմված է լինելու ծառայողին վերապահված գործառույթների իրականացման արդյունավետության գնահատականից, ծառայողների ֆիզիկական և կրակային պատրաստականության աստիճանը գնահատելու նպատակով անցկացված տարեկան ստուգարքի արդյունքներից», - ասել է Սարգսյանը: Միևնույն ժամանակ, ոստիկանության ծառայողի ատեստավորումը փոխկապակցված կլինի նրա մասնագիտական գործունեության գնահատման համակարգի հետ, ինչը հնարավորություն կտա մշտապես պահպանել նրա մրցունակությունը:

ՆԳՆ-ում համոզված են, որ գործող օրենսդրության մեջ փոփոխություններ ընդունելու արդյունքում կներդրվի ոստիկանության ծառայողների գործունեության որակի և արդյունավետության գնահատման ավելի օբյեկտիվ և արդյունավետ համակարգ: «Ըստ էության, մեր խնդիրն այն է, որ մենք ոչ թե պիտի գնահատենք և չափենք ծառայողի ակտիվությունը՝ որպես այդպիսին, իր գործառույթները իրականացնելիս, այլ գործառույթների իրականացման արդյունավետությունը: Սա նշանակում է հստակ և չափելի հիմնական ցուցանիշներով հասկանալ և գնահատել ծառայության և ծառայողների կոնկրետ կատարողականը, - հավելել է գերատեսչության ղեկավարը:

Գործունեության արդյունավետության ընդհանուր գնահատականը ձևավորվելու է ծառայողի վրա դրված գործառույթների կատարման արդյունավետության գնահատման, ինչպես նաև նրա ֆիզիկական և կրակային պատրաստության մակարդակի ստուգման նպատակով անցկացվող տարեկան ստուգման արդյունքների հիման վրա:

Դրական արդյունքի դեպքում ոստիկանության ծառայողին կտրվի խրախուսանք, ինչպես նաև ծառայողական առաջխաղացման հնարավորություն: Բացասական արդյունքի դեպքում նրա առաջխաղացումը կսահմանափակվի:

Նախարարը պարզաբանել է, որ արդյունավետության գնահատման նոր համակարգը նախատեսվում է ներդնել 2027 թվականի հունվարի 1-ից: