ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ. Մեզ պետք է սովետառուսական ատոմակայան. Արմեն Մանվելյան

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ. Մեզ պետք է սովետառուսական ատոմակայան. Արմեն Մանվելյան

Հետևելով իշխանությունների վերջին 7-8 տարիների քաղաքականությունը, հատկապես էներգետիկ բնագավառում, ես ավելի շատ քաոս եմ նկատում, քան ինչ-որ կոնցեպտուալ, ռազմավարական  մոտեցումներ, թե ինչ պետք է անել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Արմեն Մանվելյանը, անդրադառնալով նրան, թե նոր ատոմակայանի կառուցման հարցում Հայաստանը ինչ որոշում է կայացնելու, ո՞ր կողմի առաջրկն է ընդունելու՝ Ռուսաստանի, ԱՄՆ–ի, թե որևէ այլ երկրի։

«Իրենք ավելի շատ տապալել են ծրագրերը, քան իրականացրել, նույնիսկ այն ծրագրերը, որոնք արդեն պետք է վաղուց շահագործման հանձված լինեին։ Օրինակ, Հայաստան-Իրան բարձրավոլտ գիծը վաղուց պետք է կառուցված լիներ, բայց դեռ չեն ավարտել։ Նույնը էլ ատոմակայանի շուրջ է։ Ես մի քանի անգամ իմ կարծիքը ասել եմ, որ մեզ պետք է սովետառուսական VVR տեսակի ատոմակայան։ Ինչի՞ համար է դա ավելի նախընտրելի, քան ամերիկյանը։ Առաջին պատճառներից մեկն այն է, որ մենք ունենք մասնագետներ, որոնք կարող են այն սպասարկել։ Շատ կարևոր է, որ դու ունենաս այն դպրոցը, որը արտադրում է մասնագետներ, որոնք կարող են մտնել և դա աշխատացնել։ Մոդուլային ատոմակայանի դեպքում մենք չունենք այդ մասնագետները»,–ասաց նա՝ հավելելով, որ ԱՄՆ–ի հետ 9 մլրդ դոլարի պայմանագիրը, որ կնքվեց, դրա 4 մլրդ դոլարը դրա սպասարկման և ուրանի ներմուծման համար է։

«Նույնիսկ եթե այդ 4 մլրդ–ի 10-15%-ը սպասարկումն է, մոտավորապես 400 միլիոն դոլար, սա սարսափելի մեծ թիվ է, ու եթե Աստված չանի, քո ռեակտորի հետ ինչ-որ բան է պատահի, դու պետք է փակես, նստես, սպասես, մինչև Ամերիկայից մասնագետները կգան, կնայեն, կհասկանան։ Ռուսականների դեպքում, մենք դրա կարիքը չունենք, որովհետև մասնագետները հենց Երևանում նստած են, շատ լավ հասկանում են՝ ի՞նչ կարելի է անել, երբ կարելի է այն կանգնեցնել, ինչպես վերանորոգել, ինչպես սպասարկել։ Այսինքն, բացի այն, որ ամերիկյանը շատ թանկ կնստի, ինքը նաև որոշակի ռիսկեր է ստեղծում քո պետության համար։

Ընդհանրապես փոքր մոդուլային կայանները նոր գաղափար են, մի շարք երկրներում՝ Չինաստանում, Ռուսաստանում, Արգենտինայում կառուցվում են, բայց դրանք դեռ վերջնական փորձարկված չեն։ Օրինակ ռուսները ունեն մի հատ գործող փոքր մոդուլային կայան, բայց այն գտնվում է նավի վրա, հողի վրա դեռ կառուցված չունեն, չնայած հենց հիմա կառուցում են։ Նախ պետք է հասկանալ, թե դրանք ոնց են աշխատում, ի՞նչ խնդիրներ են ստեղծում կամ չեն ստեղծում, ինչպե՞ս դա կարելի է սպասարկել, հետո նոր բերել Հայաստանում փորձարկել։ Երկրորդը ես համոզված եմ, որ փոքր մոդուլային կայանների կարիք Հայաստանը չունի, քանի որ ընդհանրապես փոքր մոդուլային կայանները շատ հարմար են մեծ պետությունների համար, որոնք ահռելի տարածք ունեն՝ Ալյասկա, Սիբիր կամ Չինաստան, և ինչ-որ հեռավոր քաղաքի մոտ հարմար է  50–100 մեգավատանոց կայան կառուցել, որ այդ քաղաքը ստաբիլ կերպով կսպասարկի»,–ասաց Մանվելյանը։