KPMG-ն՝ ՀՀ բանկային համակարգի ցուցանիշների մասին
KPMG-ն հրապարակել է Հայաստանի բանկային համակարգի 2025 թվականի արդյունքների վերաբերյալ ուսումնասիրություն։
Հրապարակման մեջ ներկայացված են առևտրային բանկերի ֆինանսական հիմնական ցուցանիշները և ոլորտում արձանագրված զարգացումները։
Ըստ ուսումնասիրության՝ 2025թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկային համակարգի ակտիվները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 16.6%-ով՝ կազմելով 12,830 մլրդ ՀՀ դրամ։
Ակտիվների եկամտաբերության ցուցանիշը (ROA) կազմել է 3.54%, ինչը 0.04 տոկոսային կետով ցածր է 2024թ. նույն ցուցանիշից։
2025թ. երկրորդ կիսամյակում ակտիվների ծավալով առաջատար 10 բանկերի դասակարգման մեջ արձանագրվել են փոփոխություններ․ «Հայէկոնոմբանկ»-ը բարելավել է իր դիրքը մեկ հորիզոնականով, իսկ «Կոնվերս Բանկ»-ը նվազել է մեկ հորիզոնականով։
Տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը տարեկան կտրվածքով աճել է 22.7%-ով՝ հասնելով 7,700 մլրդ ՀՀ դրամի։ Վարկային պորտֆել/ընդհանուր ակտիվներ հարաբերակցությունը կազմել է 60.0%, իսկ իրացվելիության ցուցանիշը՝ 29.0%։
Զուտ պահուստային ծախսերը աճել են 6.1%-ով՝ կազմելով 37.08 մլրդ ՀՀ դրամ։
Ավանդների ընդհանուր ծավալը աճել է 12.7%-ով՝ հասնելով 7,335 մլրդ ՀՀ դրամի, իսկ վարկային պորտֆել/ավանդ հարաբերակցությունը կազմել է 1.05։
Բանկերի ընդհանուր կապիտալը աճել է 22.63%-ով՝ կազմելով 2,175 մլրդ ՀՀ դրամ։ Կապիտալի եկամտաբերությունը (ROE) կազմել է 21.34%, կապիտալ/ակտիվներ հարաբերակցությունը՝ 17.0%, իսկ կապիտալի համարժեքության ցուցանիշը՝ 20.7%։
Հաշվետու ժամանակահատվածում բանկային համակարգի ընդհանուր եկամուտը կազմել է 1,424 մլրդ ՀՀ դրամ՝ 17.5%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը։ Զուտ տոկոսային մարժան կազմել է 6.1%, իսկ ծախս/եկամուտ հարաբերակցությունը՝ 39.3%։
Հարկումից առաջ բանկերի զուտ շահույթը կազմել է 513 մլրդ ՀՀ դրամ, իսկ հարկումից հետո՝ 421 մլրդ ՀՀ դրամ, որը 16.8%-ով բարձր է 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ։
Շահութաբերության մարժան կազմել է 29.6%։