Սևան համայնքում ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումներ ու նախաձեռնություններ կլինեն

Սևան համայնքում ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումներ ու նախաձեռնություններ կլինեն

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթն այս տարի անցկացվելու է հունիսի 9-11-ը՝ «Մաքուր, անվտանգ և մրցունակ էներգետիկ միություն» խորագրի ներքո, որին ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ Սևան համայնքը միանում է բազմաբնույթ միջոցառումներով, նախաձեռնություններով և մրցույթներով, որոնց մասնակիցներն են լինելու նախադպրոցական, արտադպրոցական, կրթական հաստատությունների սաներն ու աշակերտները, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչները և անհատներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, համայնքում «ԵՄ Կայուն էներգիա-2026» ծրագրի շրջանակներում նախատեսված են մի շարք միջոցառումներ։

Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի աշակերտները ներկայացնելու են «Կառուցենք կանաչ քաղաք» նախագծային աշխատանքը՝ «SECAP-ը իմ համայնքում. երիտասարդների ձայնը» աշխատարանի շրջանակներում:

Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցում կայանալու է «Արևային համայնք» դաս-միջոցառումը, որը ներառելու է «Էներգետիկ հետախույզներ» խորագրով կարճ տեսահոլովակների ներկայացում։

Սևանի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում շաբաթվա միջոցառումներին կմիանան թեմատիկ վիկտորինայով:

Սևանի թիվ 4 հիմնական դպրոցում տեղի կունենա «Բնությունը դատում է մարդուն և բնությանը» միջոցառում-ցերեկույթ:

Սևանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում կկայանա սպորտլանդիաներ՝ «Իմ կանաչ, մաքուր մոլորակը» խորագրով:

Սևանի թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզը կմիանա իրազեկման բուկլետի պատրաստմամբ՝ «Մաքուր, անվտանգ և մրցունակ համայնք» խորագրով:

Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի հեծանվորդները կանցկացնեն իրազեկման արշավ համայնքի բնակավայրերում, ինչպես նաև քայլարշավ և բարձունքի գրավում՝ խրախուսելով առողջ ապրելակերպը, մաքուր և անվտանգ միջավայրը:

«Կայուն էներգիա-2026»-ի շրջանակներում նախատեսվում են նաև վարպետաց դասեր՝ թղթի վերամշակմամբ տիկնիկների պատրաստում և թաղիքագործություն:

Ի թիվս այս միջոցառումների և նախաձեռնությունների՝ համայնքի կողմից հայտարարվել են մի շարք մրցույթներ։