Թաթոյանն առաջարկում է սահմանել նվազագույն գներ, էժան վաճառելու դեպքում, պետությունը կփոխհատուցի գյուղացու վնասը․ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ
Պետությունը պետք է օգնի գյուղացուն՝ ապահովելով, որ իր արտադրանքը վաճառվի։ Պետք է ստեղծի վաճառքի վայրեր, սահմանի նվազագույն տարեկան գներ և տրամադրի սուբսիդիաներ՝ վերջ տալու գյուղացիների չարչարանքներին։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը, ով նաև տեսանյութ է հրապարակել։
Տեսանյութում նա բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշել է. «Գյուղացին չգիտի այսօր երաշխավորված ինքը բերք կստանա, թե չէ։ Գյուղացին հողը ցանում է, բայց ինքը չի իմանում՝ եղանակը ինչ կլինի, բերքը հանի, տանի, կծախի, թե չէ, գները կէժանանան, թե չէ, ուրիշ երկրից կբերեն, իր գները կէժանան, թե չէ։
Այստեղ է, որ ստացվում է, որ գյուղացին անարդար մրցակցության մեջ է մտած և դրա համար մենք լուծումներ ունենք տարբեր բնագավառներում, այդ թվում սրա հետ կապված։ Նախապես պետք է պետությունը երաշխավորի գին, որ գյուղացին իմանա, եթե ինքը իր բերքը, օրինակ, 1000 դրամ է սահմանած, եթե ինքը այդ տարի վաճառելու է 900 դրամով, այն 100 դրամը պետությունը իրեն հատուցելու է։
Գյուղացին պետք է անպայման ունենա իրացման գոտիներ, պետությունը պիտի ցանք հրապարակի, ասի՝ օրինակ, դուք ունեք այս տեղերը ձեր բերքը վաճառելու շուկաները։
Ոչ թե մարդն է աշխատում պետության համար, այլ պետությունն է մարդուն ծառայում»։
Անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնողների խնդիրներին, Թաթոյանն ասաց. «Մարդիկ ստիպված թողնում են իրենց տները, գնում են խոպան։ Հասկանալի է, մարդը գնում է, տուն է պահում, բայց այդ վիճակը ոչ մեկիս էլ չի բավարարում։ Ես փոքրուց տեսել եմ իմ հորեղբայրները, իմ բարեկամները, իմ աչքի առաջ է եղել, թողնում գնում են, հետո կամաց-կամաց երեխեքն են մեծանում, այդ արհեստն ու արվեստը երեխեքին են սովորեցնում, գնում են։ Տարվա մեջ Հայաստանից, ընտանիքից կտրվում են, մեր կանայք մենակ են մնում, ստիպված հող ու ջրի հետ իրենք են աշխատում, մեր տղամարդիկ էլ նորմալ ընտանիքի քաղցրությունը չեն զգում»։