«Բնապահպանական ներդրումներ՝ պետական պարտքի դիմաց»․ «Հայաստան» դաշինքի սոցիալ-տնտեսական ծրագիրը. ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ
«Հասկանում ենք, որ չկան պետություններ, ովքեր վարկեր չեն վերցնում։ Բայց այդ վարկը պետք է նպաստի մեր պետության պոտենցիալի զարգացմանը, մեծացմանը։ Այսօր ուզում ենք հասկանալ՝ լավ, էդ ութ միլիարդը, որ հավելյալ վերցրել են, ի՞նչ եղավ»,- «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի սոցիալ-տնտեսական բաժնի ներկայացման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ հավելելով, որ գալով իշխանության, իրենք վարկային աուդիտ են իրականացնելու եւ ստուգելու են, թե ի՞նչ նպատակների է ծառայել պետական պարտք վերցված յուրաքանչյուր ցենտը։
«Ինչի՞ վրա է դա ծախսվել, ծախսվել է պետության զարգացման համար, թե՞ այլ խնդիրների։ Վարկերը պետք է ներգրավվել, բայց խելամիտ, մտածված, ոչ թե ասել՝ տեսեք՝ հարկ-ՀՆԱ հարաբերակցությունը․ վարկերը տալիս ես՝ անկախ ամեն ինչից, իսկ ՀՆԱ-ն, տեսնում ենք, նվազման միտում ունի»,- ասաց նա։ Անդրադառնալով իշխանությունների՝ Հայաստանում բարձր աշխատավարձերի հայտարարություններին, ընդդիմադիր պատգամավորն ասաց․ «Էդ 350 հազար միջին աշխատավարձը որ ասում են, մեր 4 աշխատողից երեքը չի ստանում։ Հարկերն էլ հանեք՝ կտեսնեք»։ Ասաց՝ իրենք իրական քաղաքականություն են իրականացնելու՝ ստեղծված արդյունքը արդար բաշխելու, աշխատատեղեր ստեղծելու, երկրի զարգացումն ապահովելու համար, ոչ թե «թվեր նկարելու»։
«Բնապահպանական ներդրումներ՝ պետական պարտքի դիմաց» ծրագիր են իրականացնելու եւ երկրի հարստությունները՝ ընդերքը, ջրային պաշարները, բուսականությունը եւ այլն, հավասարաչափ են բաշխելու սերունդների միջեւ՝ անընդհատ ներդրումներ ապահովելով բնության մեջ։ Հայաստանին պարտք տված երկրների՝ ՌԴ, Ճապոնիա, ԱՄՆ, եվրոպական երկրներ եւ այլն, հետ համաձայնություններ են ձեռք բերելու, որ Հայաստանին տրամադրած իրենց տված պարտքերը չեն վերադարձվելու, ներդրվելու են երկրում՝ բնական պաշարների ոլորտում՝ արդյունահանման, արդյունաբերության զարգացման, ոլորտի պահպանման բնության վերարտադրության համար։ Արդյունքում, վստահ են, որ Հայաստանի անտառները, ջրային պաշարները, ազգային պարկերը ընդլայնվելու են, արգելոցներն ու արգելավայրերն են պահպանվելու եւ ընդլայնվելու։