Հիմնանորոգվում է Լճափի մանկապարտեզի շենքը

Հիմնանորոգվում է Լճափի մանկապարտեզի շենքը

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Լճափ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից,  Լճափի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 293 միլիոն  808 հազար  դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է  ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։

Բացի արտաքին հիմնական պատերից, շենքն ամբողջությամբ՝ երկու մասնաշենքով, հիմնանորոգվելու է։ Փոխվելու է նաև տանիքը, իրականացվելու է սեյսմազինվածության բարձրացում։

Այժմ կատարվում են հատակի, միջնորմների, սանհանգույցների, դռների և պատուհանների, պատերից գաջի և սվաղի քանդման աշխատանքները։

Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել առաջիկա երկու տարվա ընթացքում։