Բիզնեսի և բանկային համակարգի երկխոսություն Լոռու մարզում․ կայացավ ՀԲՄ մարզային համաժողովը

Բիզնեսի և բանկային համակարգի երկխոսություն Լոռու մարզում․ կայացավ ՀԲՄ մարզային համաժողովը

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կայացավ Հայաստանի բանկերի միության նախաձեռնած «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով մարզային համաժողովը՝ միավորելով բանկային համակարգի, պետական կառույցների և բիզնես համայնքի ներկայացուցիչներին։

Համաժողովի նպատակն էր ներկայացնել ՀՀ առևտրային բանկերի կողմից իրականացվող բիզնեսի ֆինանսավորման գործիքները՝ ներառյալ պետական աջակցության և միջազգային ծրագրերի շրջանակում ձևավորված հնարավորությունները, ինչպես նաև քննարկել ֆինանսական հասանելիության ընդլայնման ուղիները։

Բացման խոսքով հանդես եկան ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը և Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Ղարիբյանը։

Դանիել Ազատյանի գնահատմամբ՝ մարզային համաժողովները յուրաքանչյուր անգամ ընդլայնում են իրենց ազդեցությունը՝ ապահովելով ավելի մեծ ներգրավվածություն և գործընկերային ակտիվություն։

Արսեն Ղարիբյանը կարևորեց նման ձևաչափի միջոցառումների դերը մարզի զարգացման գործում՝ նշելով, որ դրանք նպաստում են բիզնես միջավայրի բարելավմանը և տնտեսական ակտիվության աճին։

Համաժողովի մեկնարկը տրվեց «Բանկերը և բիզնեսը Վանաձորում» էքսպոյով, որտեղ մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու բանկերի ֆինանսավորման ծրագրերին, անմիջական շփում ունենալ ոլորտի ներկայացուցիչների հետ և քննարկել իրենց բիզնեսի զարգացման հնարավորությունները։

Համաժողովի շրջանակում անցկացվեցին երկու պանելային քննարկումներ, որոնք դարձան բաց և գործնական երկխոսության հարթակներ։

Առաջին քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց բիզնեսի ֆինանսավորման հիմնական մարտահրավերներին և զարգացման հնարավորություններին՝ ձևակերպելով կիրառելի առաջարկներ՝ ուղղված ֆինանսավորման հասանելիության բարելավմանը։

Երկրորդ քննարկման ընթացքում ներկայացվեցին բիզնեսի համար հասանելի ֆինանսավորման հիմնական աղբյուրներն ու գործիքները՝ ներառյալ պետական, բանկային և միջազգային մեխանիզմները, ինչը նպաստեց փորձի փոխանակմանը և նոր մոտեցումների ձևավորմանը։

Համաժողովը ևս մեկ անգամ հաստատեց, որ բիզնեսի և բանկային համակարգի արդյունավետ համագործակցությունը կարող է դառնալ տնտեսական աճի, նոր աշխատատեղերի ստեղծման և համայնքների զարգացման կարևոր խթան։

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև Լոռու մարզի հաջողության իրական պատմություններ, որոնք ձևավորվել են բանկերի հետ համագործակցության արդյունքում՝ ընդգծելով վստահության և համատեղ աշխատանքի նշանակությունը։