Եթե չեք ուզում ձեր ավտոտնակը քանդենք, մի' դիմեք օրինականացման հարցով. Ավինյանը՝ երևանցիներին
Ապօրինի շինությունների քանդման և հողազավթումների վերացման ուղղությամբ իրականացվել են ինքնակամ կառուցված շինությունների, ավտոտնակների և կրպակների թվով 80 ապամոնտաժման աշխատանքներ, որից 27-ն իրականացվել է Աջափնյակում, 18–ը՝ Արաբկիրում, 10-ը՝ Ավանում, 1–ը՝ Դավթաշենում, 8–ը՝ Կենտրոնում, 8–ը՝ Մալաթիա-Սեբաստիայում, 6–ը՝ Նոր-Նորքում, 1–ը՝ Շենգավիթում, 1–ը՝ Քանաքեռ-Զեյթունում։ Այս մասին զեկուցվեց այսօր՝ ապրիլի 6–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Նշվեց, որ նախորդ ժամանակահատվածի համեմատ ապամոնտաժման աշխատանքների թիվը ավելացել է 32-ով։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հորդորեց կենտրոնանալ խոնավեցնող սարքերի՝ ջրային թնդանոցների վրա, որոնք ավագանու որոշմամբ, կահավորման պարտադիր պահանջների մեջ են մտնում. «Պետք է հասկանանք մեր կառուցապատողների տեմպը այդ համապատասխան սարքավորումները ձեռք բերելու և տեղադրելու ուղղությամբ։
Շատ կարևոր է, որ մեր պահանջները խախտած բոլոր կառուցապատողները պատշաճ կերպով տուգանվեն և նրանց նկատմամբ պատշաճ վարչարարությունը իրականացվի, որովհետև այդ վարչարարությունից նաև կախված են հաջորդ տարվա իրենց արտոնությունները։ Սա շատ կոնկրետ հանձնարարական է, որևէ կառուցապատող, մասնավորապես, խոսքը չորրորդ ռիսկայնության կառուցապատումների մասին է, ով ունի ավագանու որոշումներից շեղում, հանկարծ չպետք է այնպես ստացվի, որ վարչարարությունը իր նկատմամբ իրականացված չլինի։
Այսինքն Երևանում առկա բոլոր շինհրապարակները, որոնք չեն համապատասխանում ավագանու որոշմանը, բոլորը պարտադիր պետք է տուգանվեն։ Նախկինում էլ դա եղել է, բայց այս տարի էլ ավելի մեծ ծավալով ուշադրությունը պետք է սևեռենք դրա վրա։ Մենք այս պրոցեսին հետևելու ենք ամենայն ուշադրությամբ, որովհետև սա ուղղակիորեն նաև փոխկապակցված է լինելու Երևան քաղաքի սեփական եկամուտների հետ»,–ասաց նա։
Քաղաքապետ Ավինյանը խոսեց նաև ապօրինի ավտոտնակների օրինականացման մասին. «Սիրելի երևանցիներ, խնդրում ենք՝ մի դիմեք ապօրինի ավտոտնակների օրինականացման համար որովհետև Երևանի քաղաքապետարանին որևէ այլ հնարավորություն չի մնում, քան քանդել այդ ավտոտնակները։ Իրավական կարգավորումները այնպիսին են, որ մենք հիմնականում չենք ունենում հնարավորություն դրանք օրինականացնելու, որովհետև այդ ավտոտնակները գտնվում են ընդհանուր օգտագործման անօտարելի հողերի վրա։ Եվ քանի որ նաև չենք կարողանում, դրանից հետո մեզ կառավարության համապատասխան 596 N որոշումը պարտադրում է դրանք քանդել։ Հետևապես հորդորում ենք, խնդրում ենք, մի ստիպեք մեզ անընդհատ այս պրոցեսով անցնել։ Սա մեր կամքից անկախ է, մենք այդ ավտոտնակները պետք է քանդենք։
Եթե նվազագույնը չեք ուզում, որ ձեր ավտոտնակը քանդենք, խնդրում ենք մի դիմեք ձեր ինքնակամ ավտոտնակի օրինականացման համար, նամանավանդ, եթե նա գտնվում է ընդհանուր օգտագործման հողի վրա։
Երևան քաղաքի գլխավոր հատակագծով՝ գենպլանով հստակ ֆիքսված է, թե որ հողերը ինչ նշանակություն ունեն, և դուք հենց Yerevan.am կայքում կարող եք տեսնել ձեր հողի նշանակությունը, եթե ընդհանուր օգտագործման է, խնդրում եմ ստուգեք և նույնիսկ եթե դիմել եք, հետ վերցրեք ձեր դիմումը»,–ասաց Ավինյանը։