ՀԲՄ համաժողովը՝ Վանաձորում
Վանաձորում կայացել է «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» խորագրով հերթական համաժողովը։
Միջոցառման նպատակն է ներկայացնել ՀՀ առևտրային բանկերի կողմից՝ սեփական ռեսուրսների, ՀՀ կառավարության աջակցությամբ և միջազգային ծրագրերի ներգրավմամբ իրականացվող բիզնեսի վարկավորման գործիքները, դրանց արդյունքներն ու արդյունավետությունը։ Համաժողովի ընթացքում քննարկվում են նաև ֆինանսական հասանելիության ընդլայնման հնարավորությունները։
ամաժողովի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը և Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Ղարիբյանը։
ՀԲՄ նախագահի գնահատմամբ՝ մարզային համաժողովները յուրաքանչյուր անգամ ձեռք են բերում նոր թափ և որակ, ինչի մասին վկայում են գործընկերների դրական արձագանքներն ու մասնակիցների աճող ներգրավվածությունը։
Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Ղարիբյանը, շնորհակալություն հայտնելով մարզի համար կարևոր և սպասված միջոցառման կազմակերպման համար, ընդգծեց դրա նշանակությունը մարզի զարգացման տեսանկյունից։ Նրա խոսքով՝ համաժողովը կնպաստի մարզում բիզնես միջավայրի բարելավմանը և զարգացմանը, ինչը, իր հերթին, դրական ազդեցություն կունենա մարզի տնտեսական ակտիվության վրա։
Համաժողովին մասնակցում են ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Լիլյա Սիրականյանը, ինչպես նաև առևտրային բանկերի ղեկավար կազմի և աշխատակազմերի ներկայացուցիչներ, տեղական և միջազգային ֆինանսական կառույցների, գործընկեր կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, մարզի համայնքների ներկայացուցիչներ և ՓՄՁ վարկառուներ։