Հայաստանը կարող է օգտվել օդային երթուղիների վերաձևումից և դառնալ տարանցիկ փոքր հաբ. տնտեսագետ

Հայաստանը կարող է օգտվել օդային երթուղիների վերաձևումից և դառնալ տարանցիկ փոքր հաբ. տնտեսագետ

Հայաստանի տնտեսությունում արդեն իսկ զգացվում է Մերձավոր Արևելքում և Իրանում ավելի քան մեկ ամիս շարունակվող ռազմական դիմակայության ազդեցությունը, որը դրսևորվում է ոչ միայն որոշակի խնդիրների, այլև ձևավորվող նոր հնարավորությունների տեսքով՝ պարունակելով, իհարկե, նաև հնարավոր ռիսկեր: Նշմարվող հեռանկարների ու տնտեսական «ստորջրյա խութերի» մասին է «Արմենպրես»-ի հարցազրույցը տնտեսագետ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Աղասի Թավադյանի հետ: 

- Տարածաշրջանում տիրող իրավիճակը կարո՞ղ է զարգացման նոր հնարավորություններ ընձեռել Հայաստանի տնտեսությանը:

- Հայաստանի տնտեսության վրա հակամարտության ազդեցոությունն արդեն նկատելի է՝ մեծ ծավալի կապիտալ է բերվում մեր երկիր: Նման իրավիճակ ունեցել ենք նաև 2022 թվականին. ռուս-ուկրաինական հակամարտության սկսվելուց հետո Ռուսաստանից մեծ ծավալի կապիտալ էր մուտք գործել Հայաստան: Ըստ այդմ, 2022 թվականին գրանցված 12.6 տոկոս տնտեսական աճի գրեթե կեսն ապահովել էին ֆինանսական կամ բանկային հատվածը և ՏՏ ոլորտը, ինչն անմիջականորեն պայմանավորված էր Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների հետևանքով այդ երկրից Հայաստան կապիտալի ներհոսքով և ՏՏ ոլորտի ռելոկանտների ներգաղթով:

Հիմա պատկերը մի փոքր այլ է՝ կապիտալի ներհոսք ունենք ոչ թե մեկ, այլ երեք տարբեր ուղղություններից: Ռուսաստանից ներհոսքը շարունակվում է, սակայն 2022-ի համեմատ դրա ծավալը նվազել է: Ավելացել է երկու նոր ալիք: Իրանից մեծ քանակությամբ կապիտալի հոսքը սկսվել է դեռևս 2025 թվականի սեպտեմբերից՝ այդ երկրից արժույթի դուրսբերման պահից: Դրա զգալի մասը հայտնվել էր Հայաստանի Հանրապետությունում, ինչի արդյունքում մեր երկրի տնտեսական աճը կանխատեսվող 5.2 տոկոսից տարեվերջին հասել էր 7.2 տոկոսի:

Կապիտալի որոշակի ծավալ Հայաստան է գալիս նաև Պարսից ծոցի երկրներից, հատկապես, Արաբական Միացյալ Էմիրություններից, որտեղից այն մեծ քանակությամբ ուղղվում է Հոնկոնգ: Այսինքն, ԱՄԷ-ում մարդիկ էժան գներով վաճառում են իրենց կապիտալը և ակտիվները տեղափոխում են Հոնկոնգ: Դրանց մի մասը հայտնվում է Հայաստանում:

- Կապիտալի նման ներհոսքը կարող է նոր շունչ հաղորդել Հայաստանի տնտեսությանը, բայց նաև որոշ ռիսկեր է առաջացնում: Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում այս պարագայում:

- Հայաստանում դոլարի քանակության աճը, բնականաբար, ազդում և ազդելու է հայկական դրամի փոխարժեքի վրա: Հավանական է, որ ՀՀ դրամն առաջիկայում ավելի ամրանա: Հիմա Կենտրոնական բանկը փորձում է ստերիլիզացնել այդ ծավալի փողի ներհոսքը (խմբ. դա տնտեսական գործընթաց է, որը կենտրոնական բանկերի կողմից օգտագործվում է շրջանառության մեջ գտնվող դրամական զանգվածը վերահսկելու համար և միտված է ներքին դրամական զանգվածի վրա արտարժույթի պահուստների փոփոխությունների ազդեցության չեզոքացմանը): Կապիտալի նման ներհոսքը հնարավորություններ է ստեղծում հայրենի տնտեսության համար. հիմնականում կարող է աշխուժություն առաջացնել շինարարության ոլորտում, որը 2025 թվականին որոշակիորեն «սառել» էր:

Հայաստանի համար հնարավորություն է ընձեռում նաև այն հանգամանքը, որ միջազգային ավիափոխադրումների կարևորագույն հաբ հանդիսացող Դուբայը ստեղծված իրավիճակում աստիճանաբար զիջում է դիրքերը: Հիմա Պարսից ծոցի երկրների ավիափոխադրողները շաբաթական շուրջ 1 մլրդ դոլար են կորցնում չվերթների չեղարկման պատճառով: Այս պահին Եվրոպայից Ասիա միակ հուսալի օդային երթուղին անցնում է Հարավային Կովկասով, հիմնականում՝ Վրաստանի և Ադրբեջանի, ավելի քիչ՝ Հայաստանի տարածքով: Մինչև 2022 թվականը Եվրոպան ու Ասիան կապվում էին հիմնականում Սիբիրի երկնքով անցնող օդային «կամրջով», սակայն Ռուսաստանն արդեն չորս տարի իր օդային տարածքը փակ է պահում եվրոպական ավիափոխադրողների համար: Վերջիններս ստիպված էին թռիչքներն իրականացնել Միջին Արևելքով, բայց հիմա էլ այս երթուղին է փակվել՝ իր տեղը զիջելով հարավկովկասյանին: Վրաստանի և Ադրբեջանի օդային տարածքով մոտավորապես 50 անգամ ավելացել է օրական չվերթների քանակը:

- Ըստ ձեզ, ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի օդային տարածքի պակաս գրավիչ լինելը:

- Նախ, այն պատճառով, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ոչ միայն ցամաքային, այլև օդային սահմանի խնդիր ունենք: Բացի այդ, մյուս երթուղին ավելի նպատակահարմար է, քանի որ օդանավերը Սև ծովի վրայով միանգամից մուտք են գործում Վրաստանի օդային տարածք, այնուհետև՝ Ադրբեջանի և Կասպից ծովի վրայով շարունակում թռիչքը դեպի նշանակման վայր: Որքան քիչ երկրների օդային տարածք է հատում ինքնաթիռը, այնքան տնտեսապես ավելի շահեկան է տվյալ չվերթը: Հայաստանը չի տեղավորվում այս հաշվարկներում:

Ինչևէ, Դուբայն, ամենայն հավանականությամբ, Ստամբուլին է զիջելու տարածաշրջանային կարևորագույն օդային հանգույցի կարգավիճակը: Հայաստանը կարող է օգտվել օդային երթուղիների վերաձևումից և հետագայում դառնալ տարանցիկ փոքր հաբ: Դրա հնարավորությունը միանգամայն իրատեսական է, դա կարող է նպաստել նաև Հայաստանում տուրիզմի զարգացմանը: Սակայն այստեղ, իհարկե, կան նաև ռիսկեր:

- Հատկապես ինչի՞ մասին է խոսքը:

- Հիմա կապիտալի վերադասավորում է տեղի ունենում Հայաստանում: Իմ տեղեկություններով շատ բիզնեսներ (հիմնականում առևտրաշրջանառությանն առնչվող) գրեթե սնանկացման եզրին են կամ սնանկանում են: Միլիոնավոր դրամների կորստի մասին է խոսքը: 

Ռիսկերն առկա են, որովհետև կան 2002 և 2008 թվականների իրավիճակների հետ կապված լուրջ զուգահեռներ: Տեսեք, 2002-ին, երբ 1 դոլարի արժեքը 560 դրամ էր, մեծ ծավալի արժույթի ներհոսքը հանգեցրեց նրան, որ դոլարի փոխարժեքը հասավ մինչև 300 դրամի: Այդ ընթացքում ունեցանք նաև շինարարության մեծ աճ (նույն Հյուսիսային պողոտայի կառուցումը) և բնակարանների գրեթե տասնապատիկ թանկացում:

Հիմա նույն իրավիճակն է: Մեծ ծավալի կապիտալի ներհոսքը բերրի հող է ստեղծում նրա համար, որ, եթե հանկարծ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից և ՀՀ կենտրոնական բանկը չկարողանա ստերիլիզացնել այս փողերը, ապա հայկական դրամը կարող է հանկարծակի՝ 1-2 օրվա ընթացքում կտրուկ արժեզրկվել, ինչպես դա եղավ 2008 և 2014 թվականներին:

- Սակայն մեծ ծավալի արտարժույթի ներհոսքը տրամաբանորեն պետք է դոլարի ավելցուկ առաջացնի, հետևաբար, նվազեցնի դրա նկատմամբ պահանջարկը և հանգեցնի ՀՀ դրամի արժևորմանը:   

- Այս պահին դոլարն, իհարկե, էժանանալու է, իսկ դրամը ամրանալու է՝ 1 դոլարի փոխարժեքը կարող է հասնել 360-365 դրամի: Իրականում այս պահին շուկան աշխատում է հակառակ տրամաբանությամբ. փորձ է արվում գնել հնարավորինս շատ դոլար, քանզի կանխազգացում կա, որ առաջիկայում կարող է ֆորսմաժորային իրավիճակ ստեղծվել կամ դրամի արժեզրկում տեղի ունենալ: Ամենայն հավանականությամբ, փոխարժեքային զսպանակը շարունակելու է սեղմվել՝ հանգեցնելով ՀՀ դրամի ամրացմանը: Սակայն միշտ ռիսկ կա, որ սեղմված զսպանակը կարող է կտրուկ բացվել: Այդ դեպքում ոչ միայն արժեզրկում, այլև տնտեսական անկում կարող ենք ունենալ: Այնպիսի անկում, որից հետո մոտակա 4-5 տարիներին անհնար կլինի վերադառնալ նախկին մակարդակին:

- Հայաստանը կարո՞ղ է գրավիչ դառնալ ոչ միայն ֆինանսական կապիտալի, այլև Ծոցի տարածաշրջանից տեղափոխվելու ձգտող խոշոր ընկերությունների համար:

- Կարող է, բայց ավելի հավանական է ոչ թե Իրանում, այլ Դուբայում գործող ընկերությունների մուտքը հայկական շուկա: ԱՄԷ-ում գործունեություն ծավալող և բնակվող մարդիկ հիմնականում կայացած, հարուստ ձեռներեցներ են, որոնք, սակայն, չեն հասցրել հուզականորեն կապվել այդ բնակավայրին և հանգիստ կարող են վաճառել իրենց կապիտալն ու ունեցվածքը և տեղափոխվել ավելի ապահով երկրներ: Նրանց մի մասը միանգամայն կարող է հայտնվել Հայաստանում: