OpenAI ընկերության արժեքը հասել է ռեկորդային $852 միլիարդի
OpenAI-ը փակել է մասնավոր ֆինանսավորման խոշորագույն փուլը՝ ներգրավելով $122 միլիարդ: Ընկերությունն այժմ գնահատվում է $852 միլիարդ, ինչը $12 միլիարդով ավելի է փետրվարյան կանխատեսումներից: Հիմնական ներդրողներն են Amazon-ը ($50 մլրդ), Nvidia-ն և SoftBank-ը (յուրաքանչյուրը $30 մլրդ): Գործարքին մասնակցել են նաև Microsoft-ը, Andreessen Horowitz-ը և այլ խոշոր հիմնադրամներ: SoftBank-ի ղեկավար Մասայոշի Սոնի ընդհանուր ներդրումները OpenAI-ում գերազանցել են $70 միլիարդը:
Amazon-ի տրամադրած $50 միլիարդից $35 միլիարդը OpenAI-ն կստանա միայն այն դեպքում, եթե բաժնետոմսերը հանվեն ազատ վաճառքի (IPO) կամ ստեղծվի մարդկային բանականությանը հավասարվող տեխնոլոգիա (AGI): Միաժամանակ, ընկերությունները կնքել են $100 միլիարդի նոր պայմանագիր, ըստ որի՝ OpenAI-ն առաջիկա 8 տարում օգտվելու է բացառապես Amazon-ի սերվերներից: Ստացվում է մի շրջապտույտ, որտեղ ներդրված գումարների մեծ մասը OpenAI-ն հետ է վերադարձնելու հենց ներդրողներին՝ որպես սերվերների և հաշվողական հզորությունների վարձակալության վճար:
Ռեկորդային գումարներ ներգրավելուն զուգահեռ՝ OpenAI-ը շարունակում է վնասով աշխատել. 2026 թվականին ընկերության կորուստները կկազմեն $14 միլիարդ: Այժմ եկամտի հիմնական մասը՝ 60%-ը, գոյանում է սովորական օգտատերերի վճարներից, սակայն մինչև տարեվերջ ընկերությունը նպատակ ունի նույնքան եկամուտ ստանալ նաև խոշոր բիզնես հաճախորդներից: Սա հավանաբար ներդրումների վերջին փուլն է նախքան բաժնետոմսերի հրապարակային վաճառքը (IPO), որի ժամանակ OpenAI-ի արժեքը կարող է հասնել $1 տրիլիոնի: