ՀՀ–ն լծակ ունի, բայց չի խզի ՀԿԵ–ի կոնցեսիոն պայմանագիրը. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ կապված մանրամասն քննարկում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և պայմանավորվել են շարունակել քննարկումները։ Փաշինյանն այդ մասին ասաց ՀՀ կառավարության նիստից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Մեր դիրքորոշումները, տեսակետները ներկայացրել ենք, լսել ենք ռուսաստանցի գործընկերների տեսակետները, և պայմանավորվել ենք շարունակել քննարկումները։ Մեր խնդիրը ձևակերպված է ընդամենը մեկ նախադասության մեջ` Հայաստանի Հանրապետությունն այս պայմաններում կորցնում է մրցակցային իր պոտենցիալ առավելությունները։ Մենք Ռուսաստանի հետ կապված ոչ միայն որևէ խնդիր չունենք, այլև ընդհակառակը` մենք բարձր ենք գնահատում մեր բարեկամական հարաբերությունները և որևէ կերպ չենք ուզում վնաս հասցնել ՌԴ շահերին»,– ընդգծեց Փաշինյանը։
Նա ավելացրեց, որ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության հետ երկաթուղու կոնցեսիոն կառավարման պայմանագիրը խզելու լծակ ունի, բայց Երևանը չի պլանավորում և չի ուզում գնալ այդ ճանապարհով։
Փաշինյանի խոսքով՝ քանի դեռ ռուսական կողմի հետ քննարկումները շարունակվում են, համաձայնության կամ անհամաձայնության մասին խոսելու պատեհություն չի տեսնում։