Կուտակիչ կայաններ ստեղծելու որոշում կայացվեց

Կուտակիչ կայաններ ստեղծելու որոշում կայացվեց

Առաջարկվում է էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ևս մեկ տեսակ ավելացնել. խոսքը պահեստավորման լիցենզիայի մասին է: Այդ մասին Կառավարության՝ ապրիլի 2-ի նիստին ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով ««Էներգետիկայի մասին», «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթը, որը վերաբերում է կուտակիչ կայաններին լիցենզիա տրամադրելուն:

«Կառավարության լիազորված մարմնի կողմից առաջարկի հիման վրա ՀԾԿՀ-ն այսուհետ կտրամադրի լիցենզիաներ, և նման լիցենզիա ունեցող անձին կտրվի լիցենզիայով սահմանված տարածքում էներգիա պահեստավորելու հնարավորություն:

Միաժամանակ կտրվի հնարավորություն, շուկայի կանոնների համաձայն, մեծածախ շուկայում էլեկտրական էներգիա գնելու և վաճառելու, շուկայի մասնակիցներին պահեստավորման ծառայություն մատուցելու իրավունք:

Լիցենզավորման ենթակա չի լինի մինչև 1 մեգավատտ հզորությամբ պահեստավորող կայանում էներգիայի պահեստավորումը, ինչպես նաև 1 մեգավատտից ավելի հզորությամբ կայանում բացառապես սեփական կարիքների համար էլեկտրաէներգիա պահեստավորելու գործունեությունը»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ այս նախագիծը կուտակիչ կայաններ ստեղծելու մասին է, ապա հետաքրքրվեց՝ ինչո՞ւ մինչև հիմա կուտակիչ կայան ունենալու հնարավորություն չի եղել:

Նախարարը պարզաբանեց՝ նախկինում նման կարգավորում չի եղել, քանի որ դրա անհրաժեշտությունն էլ չի եղել, և վերջին տարիների ընթացքում է, որ այս տեխնոլոգիան լայնորեն կիրառվում է աշխարհում և Հայաստանում:

Ըստ նախարարի՝ ԱԺ-ի կողմից հաստատվելու և ենթաօրենսդրական ակտեր ունենալուց հետո էլեկտրաէներգիան հնարավոր կլինի պահեստավորել հետևյալ տրամաբանությամբ. մինչև 1 մեգավատտի դեպքում լիցենզիայի անհրաժեշտություն չի լինի: Դրանից ավելիի դեպքում սեփական կարիքների համար էլի լիցենզիայի անհրաժեշտություն չի լինի: Մնացած բոլոր դեպքերում կպահանջվի լիցենզիա:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պարզաբանեց նախագծի առաջարկը. «Բարեփոխման իմաստը հետևյալն է. շուկային ասում ենք՝ կառուցե՛ք պահեստներ, մենք ձեզնից կվարձակալենք: Սա իրավական հիմքն է, որ մենք շուկային վարձակալության վճար տանք և երաշխիք ստեղծենք»:

ԲՏԱ նախարարն արձագանքեց՝ այս բարեփոխմամբ ոչ միայն հնարավորություն է տրվելու կուտակել, այլև ապահովել կայուն էներգիա, ինչը տվյալային կենտրոնների աշխատանքի համար կենսական և առանցքային նշանակություն ունի:

Փաշինյանը մեկնաբանեց՝ էլեկտրաէներգիան քաղաքակրթության ցուցիչ է. «Ինչքան դու սպառում ես էլեկտրական էներգիա, նշանակում է՝ կյանքի որակը քեզ մոտ ավելի լավն է, զարգացածության մակարդակը, կենսամակարդակը, քաղաքակրթության մակարդակն ավելի բարձր է»:

Այդ համատեքստում ՏԿԵ նախարարը նշեց՝ Հայաստանն արևային էներգիայի արտադրանքի ծավալով աշխարհում, վստահաբար, առաջատարների թվում է:

«Ամենայն հավանականությամբ, 2026 թվականին մեր արևային կայաններն արտադրած կլինեն այնքան էլեկտրաէներգիա, ինչքան արտադրած կլինի Մեծամորի ատոմակայանը: Այդ թվերն իրար համադրելի կլինեն»,- ասաց նա:

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը տեղեկացրեց, որ վերջին տարիներին ՀՀ-ում հատկապես արևային կայանների թռիչքաձև աճ է տեղի ունեցել. խոսքը տատանվող հզորությամբ աշխատող կայանների մասին է, ինչն էլ իր հերթին հաճախ բերում է լարման տատանումների, հաճախականության շեղման:

«Ոլորտի զարգացման՝ մինչև 2024 թվականի ռազմավարության համաձայն՝ 2023-ին հանրապետությունում պետք է ունենայինք 1000 մեգավատտ արևային կայաններ, բայց արդեն 2025 թվականի ավարտին այդ հզորությունը գերազանցում էր 1000 մեգավատտը, և 2026 թվականի մարտի 1-ի դրությամբ արևային կայանների հզորությունը հասնում է 1141 մեգավատտի, որից 479 մեգավատտն արդյունաբերական արևային կայաններն են, 662 մեգավատտն ինքնավար տանիքներին տեղադրված արևային կայաններն են:

Դրան գումարած՝ ընթացքի մեջ են 170 մեգավատտ՝ նախկինում տրված լիցենզիաներ, որոնք առաջիկայում պետք է կառուցվեն: Հետևաբար հարցի կարգավորման հիմնական գործիքներից մեկն էլեկտրական և էներգետիկական ռեժիմների կարգավորման առումով այսպիսի կայանների ներդրումն է և լիցենզավորման օրենքում համապատասխան փոփոխություն ունենալն է»,- ասաց նա:

Ըստ Մեսրոպյանի՝ հետագայում այս հարցին օգնելու կգա Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան օդային գծերի գոյությունը՝ նոր կառուցված ենթակառուցվածքները, որոնք նույնպես կօգնեն այս հարցի կարգավորմանը: