Ռուսաստանը չի կարող անտեսել Մեծամորի ատոմակայանի շուրջ զարգացումները. Օվերչուկ
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը զգուշացրել է Հայաստանին, որ Ռուսաստանը հետևում է Մեծամորի ատոմակայանի շուրջ զարգացումներին։
«Մենք չենք կարող անտեսել Մեծամորի ատոմակայանի շահագործման երկարաձգման և երկրում ատոմային էներգիայի ապագայի շուրջ տեղի ունեցողը»,- ասել է Օվերչուկը ТАСС-ին տված հարցազրույցում։
«Էլեկտրաէներգետիկ ընկերության բռնագրավման պատճառների մասին մեր հարցրին ի պատասխան մեզ ասացին, որ Հայաստանում մարդիկ դժգոհ են ծառայության ցածր մակարդակից։ Արդյոք դա ճիշտ է, թե ոչ, Հայաստանի ներքին գործն է»,- նշել է փոխվարչապետը։ Նա նաև նշել է. «Անկախ այս իրադարձությունների նախապատմությունից և ով էլ լինի ռուս ներդրողը, սեփականության իրավունքը գերակա է. դա ընկած է ցանկացած հարաբերության հիմքում։ Պետության կողմից մասնավոր սեփականության բռնագրավումը Հայաստանն ավելի գրավիչ չի դարձնում օտարերկրյա ներդրողների համար»։
Նրա կարծիքով՝ «անկախ ազգությունից, ներդրողները հիմա կհասկանան, որ եթե դա մի անգամ պատահել է իրենցից մեկին, երաշխիք չկա, որ չի պատահի մյուսներին»։ Օվերչուկը հավելել է, թե «փաստը, որ ընկերությունն ինքնին ռուսական չէր, միայն ամրապնդում է ներդրողների մտահոգությունները»։
«Հետևաբար, նրանք երկրի ներդրումային ռիսկերը կգնահատեն որպես ավելի բարձր, Հայաստանում ակտիվների արժեքը կլինի ավելի ցածր, քան կարող էր լինել, իսկմ գործարարների՝ հնարավորինս կարճ ժամկետում շահույթը մեծացնելու ցանկությունն ավելի մեծ կլինի։ Սա շուկայական տնտեսության տրամաբանությունն է»,- պարզաբանել է ՌԴ փոխվարչապետը։
«Ի վերջո, սրանք հայ ձեռնարկատերերի և սպառողների ներքին խնդիրներն են»,- եզրափակել է Օվերչուկը։