Կլինի պատշաճ արձագանք. քաղաքապետարանն ուսումնասիրություն է անում թիվ 94 մանկապարտեզում
Երևանի քաղաքապետարանը ուսումնասիրություն է կատարում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 94 մսուր-մանկապարտեզում` տնօրեն Փառանձեմ Միրիբյանի կատարած գործողություններին պատշաճ արձագանք տալու համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ծնողները բողոքի ակցիա են անում Երևանի թիվ 94 մսուր-մանկապարտեզում` պահանջելով, որ տնօրեն Փառանձեմ Միրիբյանը հեռանա։ Նրանց խոսքով` շուրջ 1 տարի առաջ նշանակված տնօրենի պահվածքի պատճառով դաստիարակները հերթով աշխատանքից դուրս են գալիս, ծնողների համբերության վերջին կաթիլն էլ դարձել է միանգամից 10 դաստիարակի՝ աշխատանքից ազատման դիմումը։
Անդրադառնալով ծնողների` տնօրենին հեռացնելու ուղիղ պահանջին` Խաչատրյանը նշեց, որ այս պահին դրա հետ կապված որևէ մեկնաբանություն չի կարող տալ։
«Կարող եմ միայն ասել, որ եթե որևէ մեկն իր աշխատանքային պարտականությունների ելնելով թերացել է կամ այնպիսի սխալ է թույլ տվել, որը համատեղելի չէ իր գործունեությանը, մեր կողմից անպայման համապատասխան արձագանք կստանա, լինի դա կարգապահական տույժի, թե այլ տեսքով։ Այս պահին բոլորիս ջանքերն ուղղված են առողջ բարոյահոգեբանական միջավայրում հաստատության բնականոն գործունեության ապահովմանը»,–ասաց Խաչատրյանը։
Նյութն ամբողջությամբ՝ Sputnik Արմենիա