Ջրային կոմիտեն հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը
Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը այսօր հյուրընկալել էր Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝ ԱԶԲ-ի հայաստանյան մշտական առաքելության նորանշանակ տնօրեն Լազիզա Սաբիրովայի գլխավորությամբ։
Քննարկվել են համագործակցության շրջանակում ԱԶԲ-ի միջոցով իրականացվող ջրային ռեսուրսների կառավարման և կեղտաջրերի մաքրման ընթացիկ և պլանավորված նախաձեռնություններն ու ծրագրերը, մասնավորապես՝
- Գետիկի, Կարմիր գյուղի և Գառնահովիտի ջրամբարների իրագործելիության ուսումնասիրությունների ընթացքը,
- Եղվարդի ջրամբարի 2016 թ. ուսումնասիրության վերանայման հնարավորությունները,
- Կապսի ջրամբարի ընթացիկ վիճակը,
- Սեւանա լճի ավազանի կեղտաջրերի մաքրման նախագիծը,
- Արարատյան արտեզյան ավազանի պահպանության եւ ստորերկրյա ջրերի առավել արդյունավետ օգտագործման նախագիծը։
Հանդիպման ընթացքում ԱԶԲ Հայաստանյան մշտական առաքելության փոխտնօրեն Լյուկ Ֆոքթմանը տեղեկացրեց, որ շուտով տեղափոխվելու է այլ աշխատանքի։ Արամազդ Ղալամքարյանը շնորհակալություն հայտնեց պարոն Ֆոքթմանին՝ ընթացիկ արդյունավետ համագործակցության համար եւ հաջողություն մաղթեց նրան իր նոր պաշտոնում։