Վերանորոգվում է Ծովագյուղի միջնակարգ դպրոցի շենքը

Վերանորոգվում է Ծովագյուղի միջնակարգ դպրոցի շենքը

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի միջնակարգ դպրոցում ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում 2025 թվականի հուլիսից ընթանում են վերանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Ծովագյուղի Մուրացանի անվան միջնակարգ դպրոցի շենքի վերանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 497 միլիոն 874 հազար դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։

Ծրագրով նախատեսված է դպրոցական շենքի տանիքի, հատակի, աստիճանների, միջանցքների, դասասենյակների, սանհանգույցների, ջեռուցման, ջրամատակարարման, էներգամատակարարման համակարգերի վերանորոգում, նոր դռների տեղադրում, ցանկապատի կառուցում, պատերի ներքին ու արտաքին հարդարում, այլ կարգի աշխատանքներ։

Շինաշխատանքները, որոնք նախատեսվում են ավարտին հասցնել 2026 թվականի ընթացքում, արդեն արվել են շուրջ 70 տոկոսով։ Շինարարության ավարտից ու նոր գույքի ձեռքբերումից հետո Ծովագյուղի միջնակարգ դպրոցը կրթության կազմակերպման համար կունենա արդի չափորոշիչներին համապատասխան բոլոր պայմանները։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1245988