Գերմանիայի կանցլերը զգուշացնում է․ Իրանի պատերազմը կարող է Եվրոպայի համար ունենալ Covid-ի չափ տնտեսական հետևանքներ

Գերմանիայի կանցլերը զգուշացնում է․ Իրանի պատերազմը կարող է Եվրոպայի համար ունենալ Covid-ի չափ տնտեսական հետևանքներ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Իրանի շուրջ ռազմական հակամարտության խորացումը կարող է Եվրոպայի տնտեսության համար ստեղծել այնպիսի ծանր հետևանքներ, ինչպիսիք աշխարհը զգաց Covid-19 համավարակի և Ուկրաինայում պատերազմի առաջին փուլում։

«Այս պատերազմը ազդում է բոլորիս վրա։ Այն արդեն մտել է մեր առօրյա։ Եթե այն վերածվի լայնածավալ տարածաշրջանային հակամարտության, կարող է դառնալ ավելի ծանր բեռ Գերմանիայի և ամբողջ Եվրոպայի համար՝ այնպիսին, ինչպիսին զգացինք Covid համաճարակի ժամանակ կամ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր»,– ասել է Մերցը։

Կանցլերը միաժամանակ ընդգծել է, որ ստեղծված ճգնաժամը չի կարող լուծվել բացառապես ռազմական ճանապարհով՝ նշելով դիվանագիտական ուղիների կարևորությունը։

Մինչ այդ, Եվրոպայի խոշոր տնտեսությունները արդեն զգում են պատերազմի տնտեսական հետևանքները։ Reuters-ի տվյալներով՝ Գերմանիայում մարտ ամսվա գնաճը արագացել է՝ հիմնականում էներգակիրների թանկացման պատճառով, իսկ փորձագետները զգուշացնում են, որ էներգետիկ շոկը կարող է նոր ճնշումներ ստեղծել ինչպես արդյունաբերության, այնպես էլ սպառողական շուկայի վրա։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ Գերմանիան հատկապես խոցելի է, քանի որ նրա արդյունաբերական տնտեսությունը զգայուն է էներգակիրների գների աճի և համաշխարհային պահանջարկի թուլացման նկատմամբ։