Նոր Սահմանադրության նախագիծը դեռ քննարկման փուլում է․ Արթուր Հովհաննիսյան

Նոր Սահմանադրության նախագիծը դեռ քննարկման փուլում է․ Արթուր Հովհաննիսյան

Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնեց, որ նոր Սահմանադրության նախագիծը դեռևս գտնվում է քննարկման փուլում, և վերջնական տեքստ դեռ չկա։

Խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք նախագիծը քննարկվե՞լ է խմբակցությունում և արդյոք արդեն ձևավորվե՞լ է նախաբանը, Հովհաննիսյանը նշեց, որ քննարկումները շարունակվում են, այդ թվում՝ խմբակցության ներսում։

«Նոր Սահմանադրության տեքստը դեռևս քննարկման փուլում է։ Խմբակցության հետ էլ, այո, քննարկվում է։ Մեկ հանդիպում եղել է արդեն»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ ներկայում առկա են աշխատանքային փաստաթղթեր, որոնք դեռ ենթակա չեն հրապարակման։

«Երբ մենք կհասնենք այն փուլին, երբ քննարկումները կավարտենք և հրապարակման ենթակա տեքստը կլինի, այդ հրապարակումը կլինի»,- նշեց Հովհաննիսյանը։

Նա հավելեց, որ տեքստի հրապարակումից հետո քննարկումները կշարունակվեն արդեն հանրային լայն շրջանակներում՝ փորձագիտական, քաղաքական և հասարակական մասնակցությամբ։

Անդրադառնալով մամուլում հայտնված տարբեր հրապարակումներին՝ Հովհաննիսյանը կոչ է արել քաղաքացիներին չտրվել դրանց և հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին։

«Հիմա ինչ կա, դրանք աշխատանքային փաստաթղթեր են։ Ես խնդրում եմ մեր քաղաքացիները չտրվեն տարբեր հրապարակումներին, այլ հետևեն պաշտոնական հաղորդագրություններին»,- ընդգծեց նա։