ՀՀ օդային տարածքով 5068 տարանցիկ թռիչք է իրականացվել Մերձավոր Արևելքի լարվածության ֆոնին

ՀՀ օդային տարածքով 5068 տարանցիկ թռիչք է իրականացվել Մերձավոր Արևելքի լարվածության ֆոնին

Մերձավոր Արևելքում ռազմական լարվածության սկսվելուց հետո առաջին 19 օրերի ընթացքում Հայաստանի օդային տարածքով իրականացվել է 5068 տարանցիկ քաղաքացիական թռիչք, հաղորդում է Արմենպրեսը։

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի տվյալներով՝ թռիչքների առավելագույն ակտիվությունը գրանցվել է հակամարտության առաջին տասնօրյակում, իսկ հաջորդ օրերին արդեն նկատվել է որոշակի նվազում։

Տարածաշրջանում անվտանգային իրավիճակի սրման պատճառով՝ հատկապես Իրանի և հարակից երկրների օդային տարածքներում սահմանափակումների ներդրումը ստիպել է ավիաընկերություններին փոխել իրենց երթուղիները։ Արդյունքում՝ դրանց մի մասը սկսել է անցնել Հայաստանի օդային տարածքով, ինչը հանգեցրել է թռիչքների ընդհանուր քանակի աճի։

Եթե համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա հակամարտության առաջին օրերին նկատվել է աճ, սակայն հաջորդ տասնօրյակում միտումը փոխվել է դեպի նվազում։

Նշվում է նաև, որ տարվա սկզբին՝ հունվար-փետրվար ամիսներին, Հայաստանի օդային տարածքով օրական միջինում սպասարկվել է շուրջ 271 տարանցիկ թռիչք՝ տարբեր՝ մոտ 300 ավիաընկերությունների կողմից։

Միևնույն ժամանակ, նոր ավիաընկերությունների զգալի ներհոսք չի գրանցվել․ երթուղիների ընտրությունը մնում է բացառապես ավիաընկերությունների որոշման շրջանակում։

Ինչ վերաբերում է վճարներին, ապա մեկ տարանցիկ թռիչքի համար գանձվող միջին գումարը կազմել է մոտ 83 եվրո՝ կախված օդանավի քաշից, թռիչքի հեռավորությունից և միջազգային գործակիցներից։

Ներկայումս տարածաշրջանից դեպի Հայաստան ուղիղ չվերթներ իրականացվում են Արաբական Միացյալ Էմիրություններից և Լիբանանից։