Մեկնարկում է Հայաստանում սոցիալական ազդեցություն ստեղծող ստարտափների Աքսելերացիոն ծրագիր՝ ներդրումային հնարավորությամբ
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF), համագործակցելով C-QUADRAT Ampega Asset Management Armenia-ի հետ և RECONOMY (Sida / Helvetas) համաֆինանսավորմամբ, մեկնարկում է նոր ծրագիր՝ վաղ փուլում գտնվող այն ստարտափների համար, որոնք ունեն սոցիալական և բնապահպանական չափելի ազդեցություն։
Ծրագրի նպատակն է խթանել սոցիալական ձեռնարկատիրության զարգացումը Հայաստանում և աջակցել այնպիսի նորարարական բիզնեսների կայացմանը, որոնք իրենց գործունեությամբ փորձում են լուծել հասարակական և բնապահպանական կարևոր խնդիրներ։
Ծրագիրը միտված է Հայաստանում լուծելու սոցիալական ազդեցության ներդրումների ոլորտի երկու կարևոր խնդիր՝ նպաստել սոցիալական ձերնարկությունների/ստարտափների աճին, որպեսզի դառնան գրավիչ ներդրողների համար, և հասանելի դարձնել նման ներդրումները՝ կապելով ներդրողներին և ստարտափներին:
EIF-ի փորձը ստարտափների և տեխնոլոգիական նախագծերի զարգացման ոլորտում, C-QUADRAT Ampega-ի Սոցիալական ֆոնդի ներդրումային հնարավորությունները և RECONOMY-ի շուկայական համակարգերի զարգացման մոտեցումը միասին ձևավորում են խնդրի լուծման համապարփակ ճանապարհ՝ գաղափարից մինչև ներդրում։
Ծրագիրը կարևորում է ներառական մասնակցությունը և խրախուսում հատկապես կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների, երիտասարդ ձեռներեցների և խոցելի խմբերը ներկայացնող թիմերի ներգրավումը։ Հայտերը կգնահատվեն՝ ըստ սոցիալական ազդեցության, նորարարական ներուժի, տեխնիկական իրագործելիության և բիզնես մոդելի հստակության։
«Այս համագործակցությունը միավորում է նորարարական էկոհամակարգի դերակատարներին, ներդրումային շահակիցներին և միջազգային զարգացման գործընկերներին՝ Հայաստանի համար ազդեցիկ ներդրումների նոր մոդել ձևավորելու նպատակով։ Այն նպատակ ունի ռազմավարորեն համադրել կապիտալը, փորձառությունը և ենթակառուցվածքները՝ խթանելու կայուն աճը։ Միավորելով հետազոտական հաստատությունները, արդյունաբերության ներկայացուցիչներին և ներդրողներին՝ մենք ձգտում ենք բացահայտել Հայաստանի գիտահենք տեխնոլոգիաների (deep-tech) և գիտահենք ձեռնարկությունների ամբողջ ներուժը։ Մենք հատկապես կարևորում ենք այն ձեռներեցներին աջակցությունը, ովքեր նորագույն գիտական հետազոտություններն ու առաջադեմ տեխնոլոգիաները վերածում են մասշտաբայնացող բիզնեսների՝ ապահովելով ինչպես բարձր տնտեսական եկամուտներ, այնպես էլ սոցիալական չափելի ազդեցություն՝ նպաստելով երկարաժամկետ դիմակայունության, մրցունակության և ներառական զարգացման ամրապնդմանը Հայաստանում»,- նշում է EIF-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։
«Սոցիալական ֆոնդը ստեղծվել է այն համոզմամբ, որ սոցիալական և բնապահպանական ազդեցություն ունեցող բիզնեսներում ներդրումներ կատարելը պատասխանատու մոտեցում է, որը նպաստում է երկրի զարգացմանը երկարաժամկետ հատվածում։ Կարծում եմ, սոցիալական ներդրումները Հայաստանում կարող են լինել իրական և արդյունավետ գործիք։ Այս ծրագիրը կօգնի լուծել սոցիալական ձեռնարկությունների հասունության և ներդրումների համար պատրաստ լինելու հարցը»,- ասել է C-QUADRAT Ampega Asset Management Armenia-ի գլխավոր տնօրեն Արման Վարդանյանը։
Ծրագրի հիմնական բաղադրիչները
Ո՞ւմ համար է ծրագիրը՝
- վաղ փուլում գտնվող տեխնոլոգիական ստարտափների համար, որոնք ունեն չափելի սոցիալական և/կամ բնապահպանական ազդեցություն և լուծում են ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներից (SDGs) որևէ մեկը:
Ի՞նչ կստանա ստարտափը՝
- անհատական զարգացման ծրագիր` մենթորների և ոլորտային մասնագետների աջակցությամբ,
- 30,000-ից մինչև 100,000 ԱՄՆ դոլարի ներդրման հնարավորություն՝ C-QUADRAT Ampega Սոցիալական ֆոնդի կողմից, որը ներդրումներ է կատարում այն ձեռնարկություններում, որոնք նպաստում են կրթության հասանելիությանը, շրջակա միջավայրի պահպանությանը, խոցելի խմբերի ներառմանը, առողջապահության հասանելիությանը, մարզերի զարգացմանը և ՄԱԿ-ի Կայուն զարգացման այլ նպատակների,
- Ֆոնդհայթայթման և վենչուրային ներդրումների ներգրավման աջակցություն՝ թիմերին կապելով տեղական և միջազգային վենչուրային ներդրողների, բիզնես հրեշտակների և սոցիալական ազդեցության ներդրումային ֆոնդերի հետ:
Ծրագիրը կիրականացվի մինչև 2026թ-ի դեկտեմբեր՝ երկու փուլով։