Սնունդ արտադրող երկու ընկերություններ արտոնություններ ստացան

Սնունդ արտադրող երկու ընկերություններ արտոնություններ ստացան

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 26–ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՖՈՒԴ ԴԵՊՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։

Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել կիսաֆաբրիկատների արտադրության համար (ամերիկյան Վենդիս արագ սննդի ցանցի համար)։ Արտադրությունն իրականացվելու է Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2023 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 210 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման և 187 մլն դրամի կապիտալ ներդրում։

Ներկայումս առկա է 62 աշխատատեղ՝ 220 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում նախատեսվում է աշխատատեղերի թվաքանակը հասցնել մինչև 64-ի՝ 220 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 210 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 31․5 մլն դրամ։

Մեկ այլ որոշմամբ մաքսատորիքց ազատվեց նաև  «ԳՐԻՆ ՊՐՈԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել պանրի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2․4 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 22 աշխատատեղ՝ 300 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում նախատեսվում է աշխատատեղերի թվաքանակը հասցնել մինչև 25-ի՝ 320 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2․4 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 367.5 մլն դրամ։