ԵՄ–ն 143 մլն եվրոյի դրամաշնորհ կտա Հայաստանին

ԵՄ–ն 143 մլն եվրոյի դրամաշնորհ կտա Հայաստանին

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 26–ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Բազմաոլորտ բյուջետային աջակցության պայմանագիր» ֆինանսավորման համաձայնագրին։

Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է 143 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ ԵՄ աջակցություն, որը Հայաստանի զարգացմանն է ուղղվելու 2026-2028 թվականների ընթացքում։ Ֆինանսական փաթեթը բաղկացած է երկու բաղադրիչից՝ 90 միլիոն եվրո ուղիղ բյուջետային աջակցություն և 53 միլիոն եվրո տեխնիկական օժանդակություն՝ ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման համար։

Միջոցները տրամադրվում են բացառապես դրամաշնորհի տեսքով, իսկ աջակցության հիմնական ուղղություններն են՝ հանրային ֆինանսների կառավարումը, արտահանման դիվերսիֆիկացիան, վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, իրավունքի գերակայությունը, ինչպես նաև զբաղվածության և սոցիալական ներառման ոլորտները։

Ֆինանսավորման յուրաքանչյուր տարվա մասնաբաժնի ստացումը ուղիղ կապված է լինելու նախանշված 34 թիրախային միջոցառումների որակյալ և ժամանակին կատարումից։

Համաձայնագիրը մշակվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի և Ֆինանսների նախարարության կողմից:

Համաձայնագիրը բխում է նաև Բրյուսելում 2024թ. ապրիլի 5-ին կայացած բարձր մակարդակի եռակողմ հանդիպման ընթացքում ԵՄ կողմից հայտարարված Հայաստանի համար 2024-2027թթ. Դիմակայունության և աճի պլանի՝ 270 մլն եվրո ընդհանուր արժողությամբ փաթեթից և կոչված է աջակցելու նաև ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգին: