Քեթիում քննարկվել են հանրակրթության կառավարման ապակենտրոնացմանն ուղղված բարեփոխումները

Քեթիում քննարկվել են հանրակրթության կառավարման ապակենտրոնացմանն ուղղված բարեփոխումները

ՀՀ կառավարության կողմից իրականացվող կրթական բարեփոխումների շրջանակում Ախուրյան համայնքի Քեթի բնակավայրի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել հանդիպում-սեմինար՝ նվիրված հանրակրթության կառավարման ապակենտրոնացման գործընթացին։ Հանդիպման առանցքում եղել են մինչև 2030 թվականը կրթության զարգացման պետական ծրագրի հիմնական ուղղությունները, մասնավորապես՝ կառավարման լիազորությունների փուլային փոխանցումը համայնքներին և դպրոցների՝ որպես համայնքային զարգացման կենտրոնների դերի հզորացումը։

Միջոցառմանը մասնակցել են Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ, ավագանու անդամներ, մանկավարժներ և ծնողական համայնքի ներկայացուցիչներ։

Ախուրյանը ներառված է այն 11 փորձնական համայնքների ցանկում, որտեղ ծրագիրն իրականացվում է շվեդական «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ» (SALAR International) կազմակերպության «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» (ԴեաԼոԳ) ծրագրի աջակցությամբ։ Բարեփոխումների գլխավոր նպատակն է կրթության կառավարման արդյունավետության բարձրացումը՝ ապակենտրոնացման միջոցով։ Համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն իր ելույթում ընդգծել է, որ համայնքը պատրաստ է լիարժեք աջակցել ծրագրի կայացմանը։ Նա նաև արել է կոնկրետ առաջարկություններ, որոնք միտված են գործընթացն առավել արդյունավետ և համայնքի շահերին համահունչ դարձնելուն։ Սեմինարի մասնակիցները փաստել են, որ դպրոցների կառավարման նոր մոդելը հնարավորություն կտա կրթական հաստատությունները դարձնել համայնքային կյանքի զարկերակը՝ ապահովելով տեղական ինքնակառավարման մարմինների և կրթական օջախների սերտ համագործակցությունը։

Պիլոտային նախաձեռնությունը նախատեսված է 2-3 տարվա համար և ներառում է հետևյալ հիմնական ուղղությունները՝ կառավարում, դպրոց-համայնք համագործակցություն, ռեսուրսների կառավարում և արդյունավետ բաշխում, տվյալների օգտագործում որոշումների կայացման գործընթացում, ինչպես նաև համայնքի անդամների համար լրացուցիչ ծառայությունների զարգացում (օրինակ՝ սպորտային ծրագրեր, միջոցառումների կազմակերպում, երիտասարդական նախաձեռնություններ և այլն)։

Պիլոտային նախաձեռնությանը մասնակցում են հետևյալ դպրոցները՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Մարտիրոս բնակավայրի միջնակարգ դպրոցը, ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Տաթև բնակավայրի Սուրեն Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցը, ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Քեթի բնակավայրի միջնակարգ դպրոցը։