Գյումրիում ամփոփվել է LEAD4Shirak հնգամյա ծրագիրը

Գյումրիում ամփոփվել է LEAD4Shirak հնգամյա ծրագիրը

Գյումրիում տեղի է ունեցել «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Շիրակի մարզում» (LEAD4Shirak) ծրագրի փակման հանդիսավոր միջոցառումը: 2021 թվականից մեկնարկած այս նախաձեռնությունը դարձել է մարզի համայնքային և տնտեսական կյանքի աշխուժացման առանցքային գործոններից մեկը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա էին ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ու Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը,  ովքեր իրենց ելույթներում փաստեցին, որ ծրագիրը հաջողված է, քանի որ այն ստեղծել է ամուր հիմքեր և համագործակցության նոր մշակույթ։ Հինգ տարվա ընթացքում հաջողվել է միավորել և կյանքի կոչել 132 բիզնես ու համայնքային նախաձեռնություն, որոնց իրականացման համար ներդրվել է ընդհանուր առմամբ շուրջ 766 միլիոն դրամ։

Ծրագրի շրջանակներում մարզում ձևավորվել են երեք տեղական ակտիվ խմբեր, որոնք շարունակելու են իրենց գործունեությունը նաև ծրագրի պաշտոնական ավարտից հետո։ Որպես ծրագրի տեսանելի արդյունք առանձնացվեցին մի քանի ուշագրավ նախագծեր, որոնք արդեն փոխել են բնակավայրերի դիմագիծը։ Դրանց թվում են Նոր Կյանք համայնքի վարդերի ջերմոցը, «-46» զբոսաշրջային յուրահատուկ նախաձեռնությունը և Լանջիկ բնակավայրի կարի արտադրամասը և այլն։ Ընդգծվեց, որ եվրոպական գործընկերների աջակցությունը բերել է ոչ միայն ֆինանսական միջոցներ, այլև նոր մտածելակերպ՝ հատկապես բիզնեսի և զբոսաշրջության ոլորտներում։  

«Ծրագրերը շատ են, առանձին թվել չեմ կարող, սակայն դրանց արդյունքները տպավորիչ ու գոհացուցիչ են։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում մեծարգո դեսպանին, նրա ներկայությունն ու ներգրավվածությունը Շիրակի մարզում զգալի է։ Նա ոչ միայն իր ջերմ վերաբերմունքն է բերում, այլև նպաստում է նոր կապերի ձևավորմանը՝ ներգրավելով գործընկերների, որոնք իրենց հետ բերում են նոր ծրագրեր և հնարավորություններ։ Թեև ծրագիրն ավարտվում է, այն կարելի է վստահորեն հաջողված համարել։ Առավել կարևոր է, որ այն ստեղծել է ամուր հիմք՝ հետագա նախաձեռնությունների համար»,-նշեց Շիրակի մարզպետ  Դավիթ Առուշանյանը։